Օդային փոխադրումների ոլորտը կանոնակարգվում է
ՀՀ կառավարությունն ստեղծել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման հայտերի քննարկման հարցերի խորհուրդ, հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը: Դրանով իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունները համապատասխանեցվել են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Հաջորդ որոշմամբ հաստատվել է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման կարգը: Իր նախկին որոշումներից երկուսի փոփոխությամբ գործադիրը սահմանել է, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն երկրում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական լիազորված մարմինը՝ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ի կատարումն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի գործադիրը հաստատել է օդանավ շահագործողի վկայականի տրման կարգը և պայմանները, օտարերկրյա, ինչպես նաև Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվություն տալու կանոնակարգը:
Ամփոփելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքից բխող որոշումների քննարկումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է լիազորությունների տարանջատումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև: Այսպիսով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ կարգավորվում է այս ոլորտն ամբողջությամբ: