Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման, արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում:

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որոնց հետ համատեղ կազմակերպվել են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Աշխատանքները շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս