Անքնությունը և դրա հետևանքները
Առողջ քունն այսօր շատերի համար է դարձել երազանք: Ավելացել է քրոնիկական անքնությամբ տառապողների քանակը:
Իսկ որպեսզի վերականգնի քունը, մարդը սկսում է օգտագործել քնաբեր պրեպարատներ, որոնց արդյունքում վրա հասած խորը քնից արթնանում է սարսափելի գլխացավով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը քնի վերջին 2 ժամում փորձում է ազատվել քիմիական տարրերից, և այդ ժամանակ է, որ մղձավանջային երազները սկսում են տանջել:
Անքնությունը հաճախ առաջանում է ռեժիմի փոփոխությունից, ժամային գոտիների փոփոխությունից: Թվում է, թե այս պատճառներն անքնության պրոբլեմ չեն կարող ստեղծել, բայց հաճախ նման խնդիրներից է առաջանում քրոնիկական անքնությունը:
Տարիքի հետ ավելի զգույշ պետք է լինել այնպիսի նուրբ մեխանիզմի հետ, ինչպիսին քունն է: Այն հեշտ է խախտելը եւ շատ դժվար` վերականգնելը: Հին հռոմեացիներն ասում էին. «Չկա այնպիսի վայելք, ինչպիսին քունն է, եւ չկա այնպիսի պատիժ, որպիսին քունը կորցնելն է»:
Քունն առաջին հերթին անհրաժեշտ է նյարդային եւ մկանային համակարգը հանգստացնելու համար: Ռուս ֆիզիկոս Ի.Պ. Պավլովը նշում է, որ քունը պաշտպանում է մեր օրգանիզմը ուղեղի նյարդային բջիջների գերլարվածությունից: Հոգնածության ու նիրհուն վիճակում ուղեղում ծագում են արգելակման երեւույթներ: Մեր ուղեղը հանգստանում է, այդ պատճառով էլ արթնանում ենք թարմացած ու առույգ:
Իհարկե, պետք է հստակեցնել, թե որն է անքնությունը, որը` կիսատ քունը: Օրինակ, երբ մարդու քունը տանում է, պառկում է, բայց չի կարողանում քնել ու սկսում է շուռումուռ գալ անկողնում, արդեն նա տառապում է անքնությամբ:
Երբեմն անքնությունը կարող է ինչ-որ մի հիվանդության նախանշան լինել: Քիթ-կոկորդի բժշկի համար ականջի, կոկորդի ու քթի հիվանդություններն ուղեկցվում են անքնությամբ: Եթե երբեւէ վահանաձեւ գեղձի հետ խնդիրներ եք ունեցել, այժմ էլ տառապում եք անքնությամբ, ամեն դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի: Անքնությունը կարող է նաեւ սթրեսի հետեւանք լինել: Չի կարելի պառկել լիքը ստամոքսով, որովհետեւ կրծքավանդակի շարժումները դժվարանում են ու խանգարում սրտի աշխատանքին: Նույնիսկ ամենաէֆեկտիվ քնաբերները հաճախ չեն օգնում անքնության ժամանակ: Օրգանիզմը քիչ-քիչ սկսում է սովորել, ուստի պահանջվում է ավելի մեծ դոզա, իսկ դրա պատճառով էլ ծագում են այլ բարդություններ:
Անքնությամբ տառապող մարդը պետք է հրաժարվի ցանկացած տեսակի կոֆեինից: Կոֆեին շատ է պարունակում սուրճը, թեյի որոշ տեսակներ, կոկա-կոլան, պեպսի-կոլան եւ ընդհանրապես բոլոր կոլա անվանումով խմիչքները: Եթե բժիշկը դեղ է նշանակել (բացի հանգստացնող պրեպարատներից), աշխատեք մի քիչ ավելի շուտ խմել, այլ ոչ թե քնից առաջ: Տարբեր նշանակության դեղերը եւս կարող են հանդիսանալ անքնության պատճառ: Ցանկալի է ամեն օր պառկել քնելու նույն ժամին եւ առավոտյան էլ վեր կենալ նույն ժամին, անկախ այն բանից, թե երբ եք պառկել: Անկողինը միշտ պետք է ասոցիացվի քնելու հետ: Անկողնում, բացի քնելուց ու սեքսից, ուրիշ ոչ մի բանով պետք չէ զբաղվել:
Անքնության ժամանակ շատ լավ օգնում է հետեւյալ պատրաստուկը: Կես լիտր ջրի մեջ լցնել մեկական ճաշի գդալ վարսակի եւ աշորայի սերմերը: Եփել այնքան ժամանակ, մինչեւ սերմերը սկսեն պայթել: Հետո միանգամից քամել: Խմել անքնության դեպքում, ջրի փոխարեն` օրվա ընթացքում։
Իսկ ահա Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նեւրոզների եւ անքնության ժամանակ. գայլուկի կոները լցնում են բարձի մեջ ու վրան քնում: