3 օր ա՝ ջերմությունս 39,4 ա, չի իջնում. մահացած ծննդկանի վերջին խոսակցությունն ընկերուհու հետ. news.am
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի ջերմությունը մի քանի օր 39,4-ից չի իջել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած ծննդկանի ընկերուհին՝ Աննա Մինասյանը, որը հուլիսի 25-ին զրուցել էր Մերիի հետ:
«Մերիի հետ հուլիսի 20-ին պետք է հանդիպեինք, բայց չստացվեց: Մերին ասաց, որ բժշկի է գնացել և ասել են, թե լարվածություն կա, հանգիստ է պետք: Դրա համար հանդիպումը հետաձգվեց: Ամսի 25-ին երեկոյան Viber-ով խոսեցինք, ասաց, որ վատ է զգում, ջերմությունը 39,4 է, պարացետամոլ է խմում, իջնում է, հետո նորից բարձրանում: Բժիշկն էլ ասել է՝ շատ հեղուկ օգտագործիր, 4-րդ օրվանից ջերմությունդ կիջնի, վիրուսը կանցնի»,- ասել է Աննա Մինասյանը:
Աննան Մերիին ճանաչում էր 4 տարի, միասին աշխատել էին Երևանի դեղատներից մեկում: Աննայի պատմելով՝ դեպքից 10 օր առաջ Մերին սկսել էր պատրաստվել փոքրիկի ծնվելուն:
«Մերին այնպիսի մարդ էր, որ իր հոգատարությամբ, լավ տրամադրությամբ դուր էր գալիս բոլորիս: Հետո մեր մոտից դուրս եկավ, բայց կապը մեզ հետ պահում էր: 10 օր առաջ էլ եկել էր՝ երեխայի համար պարագաներ գնելու»,- ասել է Աննա Մինասյանը:
Աննա Մինասյանը NEWS.am-ին տրամադրել է նաև նրանց վերջին խոսակցության «սքրինշոթը», որը ներկայացնում ենք ստորև՝