ՀՀ կառավարությունը աջակցելու է Գյումրիի «Լենտեքս» ֆաբրիկային. կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն երեկ` օգոսոսի 1-ին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը այցելել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում:
Հովիկ Աբրահամյանը շրջայցի ընթացքում հետևել է արտադրական գործընթացին, ծանոթացել ձեռնարկության ապրանքատեսականուն, արտադրանքի ծավալին, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու ծրագրերին: ՀՀ կառավարությունը կաջակիցի Գյումրու «Լենտեքս» ՍՊ ընկերությանը գործունեությունն ընդլայնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում:
2001 թվականին հիմնադրված ընկերությունն իր միջոցներով 2014 թվականին շահագործման է հանձնել ընկերության նոր մասնաշենքը՝ 2900 քմ մակերերսով: Այս պահին ընկերությունում աշխատում է մոտ 290 մարդ:
«Հիմնադրվել է 2001-ին և մինչ օրս միայն աճի միտումներ ենք գրանցել: Աշխատում ենք շուկան ընդլայնել: Հիմնականում շուկայում ներկայացված է 2 ապրանքանիշով՝ «Լենտեքս» և «Վիվա», բայց այս տարի նախատեսում ենք ևս 1 ապրանքանիշի ավելացում: Իր բոլոր չափանիշներով ապրանքատեսականին համապատասխանելու է ԵՏՄ-ի պայմաններին: ԵՏՄ հնարավորություն տվեց մեզ ապրանքն արտահանել արտերկիր: Հիմա մեծ պայմանագիր ունենք ՌԴ-ի հե տ և մինչև տարեվերջ նոր ծրագրեր ունենք»,- տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Անուշ Հայկյանը՝ հավելելով, որ արտադրական ծավալների ավելացման երաշխիքը ապրանքատեսականու որակն է:
«Արդեն ճանաչված ընկերություն է՝ որակով համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Բայց որակի վրա աշխատանքն անընդհատ է, ընկերությունն աշխատում է կատարելագործվել՝ տեխնոլոգիական ռեժիմների կրճատում, աշխատանքային պայմանների բարելավվում»,-ավելացրել է Անուշ Հայկյանը:
ՀՀ վարչապետը հանձնարարել է Գյումրու քաղաքապետին՝ աջակցել ընկերությանը նոր տարածք տրամադրելու հարցում, իսկ ֆինանսական աջակցության համար, ընկերությունը մինչև օգոստոսի 15-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացնի բիզնես պլան, որի իրականացման դեպքում ընկերությունը Գյումրիում կստեղծի լրացուցիչ ևս 300 աշխատատեղ: