«Կադրերի բաժին N 168»-ում ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆՆ է. «Խաղաղ Դոն» (ԲԱՑԱՌԻԿ)
Այս ուրբաթ «Կադրերի բաժին N 168»-ը բացառիկ է՝ նախ, որ այստեղ այս և առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվի աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 168.am-ին առաջարկած երեք ֆիլմերից առաջինը:
Հետո, անկեղծ խոստովանելով՝ պետք է ասել, որ առնվազն անսասելի էր Վարպետի արձագանքը՝ լրատվամիջոց ներկայացնող լրագրողի զանգն ի սկզբանե չմերժելու նրա ժեստը: Պարոն Փելեշյանի հետ մեր զրույցը բավական երկար էր:
Թեև զրույցի սկզբում ռեժիսորը տատանվում էր ֆիլմի ընտրության հարցում՝ մեր խորագրին առաջարկել խաղարկայի՞ն, թե՞ դոկումենտալ ֆիլմ, ի վերջո, նրա ընտրությունը կանգ առավ միանգամից երեք ֆիլմի վրա, որը նա մեկնաբանեց այսպես. «Ես, այնուամենայնիվ, չէի ուզենա հեռանալ իմ հիմնական նախընտրություններից, և ձեր ընթերցողներին կներկայացնեմ, իմ կարծիքով՝ կինոյի աշխարհում երբևէ ստեղծված երեք գլուխգործոցները: Սրանք տաղանդավոր ֆիլմեր են, թող ձեր ընթերցողներն անպայման նայեն դրանք»:
Այսպիսով Արտավազդ Փելեշյանն առաջարկում է նայել սովետական ռեժիսոր Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը» խաղարկային դրաման (Серге́й Аполлина́риевич Гера́симов; «Тихий Дон»): Ֆիլմը նկարահանվել է 1957-1958 թթ.՝ Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի հիման վրա: Գլխավոր դերում՝ Պյոտոր Գլեբովի մասնակցությամբ այս դրաման ներկայացնում է 1910-1920-ական թվականներին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների ֆոնին կազակ Մելեխովների ընտանիքի անսովոր ճակատագրի պատմությունը, գլխավոր հերոս Գրիգորի Մելեխովի դրկից հարևանուհու՝ Ակսինյայի նկատմամբ ունեցած ողբերգական սիրո երանգներով:
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը