«Երկրում ստեղծված վիճակի, առկա հիմնախնդիրների «մեղավորը» Սահմանադրությունը չէ». Մուշեղ Շուշանյան
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ:
– Պարոն Շուշանյան, ինչո՞վ է պայմանավորված Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունը, ու արդյո՞ք դրա հասարակական պահանջը կա:
– Երկրում ստեղծված վիճակի, առկա հիմնախնդիրների «մեղավորը» Սահմանադրությունը չէ: Հայաստանում մարդը գտնվում է իրավազուրկ վիճակում, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և ազատություններն իրականում երաշխավորված չեն: Տարատեսակ չինովնիկների կողմից մարդու իրավունքների խախտումները կրում են համատարած բնույթ, իսկ երբ մարդը դիմում է դատական պաշտպանության, արդյունքի չի հասնում, որովհետև դատարանն անկախ չէ և կոռումպացված է: Բացի այդ, պետության սահմանափակ ռեսուրսները թալանվում են, և թալանն անվերջ շարունակելու համար ավելացվում են մարդկանց պարտավորությունները թե՛ պետության, թե՛ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների առաջ: Այս խնդիրների թվարկումը կարելի է շատ երկար շարունակել, բայց կարծում եմ` այսքանը բավարար է:
Հիմա փորձենք հասկանալ, թե որոնք են այս համառոտ ներկայացված վիճակի պատճառները: Ոտնահարված է Սահմանադրության 2-րդ հոդվածը. ժողովուրդը զրկված է ազատ ընտրությունների միջոցով ծառաներ ընտրելու հնարավորությունից: Ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է, և Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները չեն գործում: Հետևաբար, ոչ թե Սահմանադրությունն է «վատը», որ մենք ունենք այն, ինչ ունենք, այլ ուղիղ հակառակը: Մենք ունենք այն, ինչ ունենք, որովհետև խաթարվել է Սահմանադրությունը, և ոչնչացվել է սահմանադրական կարգը, կարելի է այդպես ասել:
Մարտի 1-ով Բաղրամյան 26-ում հայտնված այդ ինքնակոչ նախագահը Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված արգելքը շրջանցելու համար նախաձեռնել է այս փոփոխությունները: Երրորդ անգամ անընդմեջ նախագահ ինքնահռչակվել նա չի կարող, բայց միևնույն ժամանակ՝ ցանկանում է, այսպես ասած, խնջույքը շարունակել: Դրա համար էլ ցմահ իշխելու և ցմահ կեղեքելու նպատակով նպատակադրվել է իրականացնել այս «սահմանադրական հեղաշրջումը»: Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, քանզի հաջողելու դեպքում Հայաստանը կիսաավտորիտարից կվերածվի ավտորիտար պետության, իսկ դրա հետևանքները երկար բացատրելու կարիք, կարծում եմ, չկա:
– Պարոն Շուշանյան, ի՞նչ պետք է անել այդ դեպքում:
– Հայաստանի ազատ քաղաքացիները, այսպես ասած` ազնիվ, անկեղծ քաղաքական ուժերը, հասարակական տարբեր միավորումները պետք է միավորվեն հեղաշրջման այս ծրագիրը վիժեցնելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար: Նախագծի շուրջ որևէ բովանդակային քննարկման, բանավեճի չպետք է գնալ: Անթույլատրելի է իշխանությունը յուրացրած խմբի խաղի կանոններով խաղալ և նպաստել, որպեսզի ստեղծվի նախագծի հանրային քննարկման պատրանք: Քննարկել առաջարկվող պետական կառավարման մոդելը, փորձել հասկանալ, թե ինչ ֆորմալ կարգավիճակով է Սերժ Սարգսյանը պատրաստվում ցմահ իշխել` նկատի ունեմ վարչապետ, Ազգային ժողովի նախագահ կամ պարզապես Հանրապետական կուսակցության նախագահ, կամ օրինակ` համեմատել ու համեմատության մեջ գնահատել առկա Սահմանադրության և նախագծի 2-րդ գլուխները` փորձելով հասկանալ, թե որով են ավելի լավ պաշտպանված մարդու իրավունքները, անլուրջ, անիմաստ է, և նաև, ինչպես արդեն բացատրեցի, վտանգավոր է:
Պարզապես մարդկանց պետք է հստակ բացատրել, որ սրա միակ նպատակը ցմահ իշխելու և ցմահ կեղեքելու իրավունքի հնարավորության ապահովումն է: Իսկ կստացվի՞, թե՞ ոչ` կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Ինչպես ասում են` հայրենիքը վտանգի մեջ է, ու անհրաժեշտ է ազատ, ինքնիշխան քաղաքացիների լայն կոնսոլիդացիա: Նաև պետք է քաղաքացիներին, մարդկանց բացատրել իրենց իրավունքները: Հայաստանի քաղաքացին պետք է իմանա, որ ինքն ունի դիմադրության իրավունք, իրենից յուրացված իշխանությունը վերադարձնելու, իշխանությանը վերատիրանալու, իր իրավունքները և ազատություններն իշխանությունը յուրացրած խմբից ցանկացած միջոցներով պաշտպանելու իրավունք:
Նաև պետք է նշել, որ ժողովրդի իշխանության յուրացումն ամենածանր հանցանքն է առհասարակ բոլոր տեսակի հանցագործությունների մեջ: Նաև սրանով է պայմանավորված, որ դա հատուկ շեշտված է մեր Սահմանադրության 2-րդ հոդվածում: Ավելորդ չէ նշել նաև, որ, օրինակ` Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ֆրանսիական հռչակագրում, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1789թ. և լրացվել 1793թ., հատուկ կետ կար, որն ասում էր, որ յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող իշխանությունը, թող անհապաղ ենթարկվի մահապատժի ազատ քաղաքացիների կողմից:
Իհարկե, մեր իշխանության ուզուրպատորներին մահապատժի ենթարկել ոչ ոք չի պատրաստվում, բայց նրանք պետք է իմանան, ու նրանց պետք է բաց, ուղիղ տեքստով հայտնել, որ սահմանադրական կարգը վերականգնելուց հետո իրենց համար երաշխավորվելու է ֆիզիկական անվտանգությունը և անկախ արդարադատությունը: Այսինքն` Բաղրամյան 26-ում բազմած անձը, ով 2 անգամ առնվազն իրականացրել է պետական հեղաշրջում, ով ստեղծել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որն իրականացրել է այդ պետական հեղաշրջումը, այսինքն` յուրացրել է ժողովրդին պատկանող իշխանությունը, որն այդ հանցավոր խմբի միջոցով պետության կառավարման անվան տակ հարստահարել, կեղեքել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, պետք է իմանան, որ անպայման մի օր կանգնելու են արդարադատության առաջ, տեղի է ունենալու, այսպես ասած, հայկական Նյուրնբերգ, ու արդարադատության առաջ կանգնելը, պատասխանատվության ենթարկվելն իրենց համար անխուսափելի է: