Բաժիններ՝

Սպանված ամուսինները ապրում էին ավտոտնակում. նոր մանրամասներ

168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երևանի Կարապետ Ուլնեցի փողոցում տեղի ունեցած սպանությունից: Հարևանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ սպանված Հովհաննես Մխիթարյանը ավտոմեքենաների «դզող-փչող» է եղել: Նրանք ավտոմեքենաների տեխսպասարկման կետ են ունեցել, վարձակալության էին հանձնել իրենց բնակարանը և բնակվում էին ավտոտնակում: Ըստ հարևանների`սպանված տղամարդը կոնֆլիկտային անձնավորություն չի եղել: Նրանց որդին բանակում է, իսկ դուստրն ամուսնացել է ու բնակվում է արտասահմանում:

Հարևանները պատմեցին, որ դեպքի օրը 3-4 կրակոց են լսել: Իսկ ոստիկաններից լսել են, որ դեպքի օրը վիճաբանություն է եղել: Ըստ նրանց` սպանության մեջ ենթադրյալ կասկածյալին կացարան է տվել սպանվող տղամարդը. նա բնակվել է շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում: Կատարվածի հետ կապված նրանք վարկածներ չունեն:

Ըստ հարևանների` ավելի ուշ, երբ դիերն արդեն տեղափոխված են եղել, բակում գտնվող ոստիկաններից լսել են` «չմոտենաք, զինված է» արտահայտությունը. Ենթադրյալ կասկածյալին հայտնաբերել են շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում. նա կրակել է ինքն իրեն, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Նշենք, որ երեկ կրակոցներ էին արձակվել Կ. Ուլնեցի փողոցի 30 շենքի բնակիչներ Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ` Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ովքեր ստացած հրազենային վնասվածքներից մահացել էին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս