Սեպտեմբերի 14-ը ոչ աշխատանքային օր կլինի

ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր:

Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:

Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս