Ախալքալաքում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը
Վրաստանի արևելքում՝ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում, սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:
Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ՆԳՆ ծառայությունը ու հայտնել, որ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով (Կանխամտածված սպանություն):
Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 26-ին: Հարձակվողները տղամարդուն դարանակալել են Խանդո գյուղի մերձակայքում՝ ճանապարհի հարակից անտառում ու «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ են բացել: Կրակոցների հետևանքով մեքենան ճանապարհից դուրս է եկել ու հայտնվել մերձակա տարածքում:
Առաջինը սպանվածին նկատել է Բուգաշեն գյուղի բնակիչներից մեկը, ճանաչել է Սարգիսին ու զանգահարել «112» ծառայություն: Մինչ շտապօգնության ժամանումը տղամարդը ստացած վնասվածքներից մահացել էր:
Ականատեսների վկայությամբ՝ վերջինս ստացել է բազմաթիվ վնասվածքներ, 2 փամփուշտ դիպչել է գլխին:
Սարգիսը ծնվել էր 1972 թվականին: Խանդոյում դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր Մոսկվա: Ամուսնացել էր մոլդովուհու հետ, ուներ 8 տարեկան տղա: Նրա տարեց ծնողները ապրում են Խանդոյում:
Համագյուղացիները հայտնել են, որ Սարգիստն իր ընտանիքի հետ հաճախ է եկել Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին տանում էր Մոսկվա՝ իր մոտ: Այս անգամ հեղինակությունը ընտանիքի հետ մոտ 10 օր առաջ էր եկել Խանդո:
Գյուղացիները նրա հասցեին ջերմ խոսքեր են ասել: Նշվում է, որ նա հաճախ օգնել է համագյուղացիներին:
Համագյուղացիների խոսքով՝ նրա վրա կրակել են երկու տարբեր տեղերից:
Ականատեսները հայտնել են, որ դեպքի վայրից հայտնաբերվել է «Կալաշնիւկով» ինքնաձիգ:
«Հավելյալ ոչինչ չենք կարող ասել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էկա Ատոշվիլին: