«Ցավում ենք, որ պաշտպանական կողմը մեղադրյալին ներկայացնում է՝ որպես բարեգործ». Զաքարյանների փաստաբան

Հարցազրույց մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Զաքարյանների ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանի հետ:

– Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Ձեր վստահորդ, գործով տուժող Հարություն Զաքարյանը «բանակից ազատվել է հոգեկան հիվանդության պատճառով»: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

– Մենք պաշտպանում ենք Զաքարյան ընտանիքի շահերը զուտ իրավական ոլորտում, իսկ Զաքարյան եղբայրների հետ տեղի ունեցած դաժան բռնության արդյունքում ծավալվող քրեաիրավական գործընթացի հետ Հարություն Զաքարյանի` բանակից ազատված լինելու կամ չլինելու հանգամանքը, ինչպիսի օրինական հիմքով էլ դա լինի, որևէ առնչություն չունի: Նշված պատճառով էլ մենք փաստաբանի կողմից կատարված արտահայտությունները գնահատում ենք ավելի շատ՝ որպես անելանելի վիճակով պայմանավորված հուզական քայլ:

– Ըստ Տիգրան Խաչատրյանի պաշտպանի` Տիգրան Խաչատրյանը միջադեպի ընթացքում «բաժանողն» է եղել, և Մուշեղ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին լավ վերաբերմունքի համար: Այս տեղեկություններից յուրաքանչյուրը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Կարդացեք նաև

– Անկեղծ ասած` ցավում ենք, որ պաշտպանական կողմը մեղքն ընդունելու և առավել թեթև քրեական պատասխանատվության արժանանալուն ձգտելու փոխարեն՝ աղավաղում է իրականությունը և մեղադրյալին ներկայացնում՝ որպես բարեգործ:

– Այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 1-ը ներգրավվել է՝ որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Ըստ տուժող կողմի` կա՞ն այլ անձինք, որոնց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք, և որոնք ևս պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենան:

– Թույլ տվեք այս հարցին դեռևս չպատասխանել՝ նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով:

 – Ըստ տուժող կողմի` կարո՞ղ է արդյոք քրեական գործի նախաքննությունն օբյեկտիվ լինել` հաշվի առնելով, որ մեղադրյալներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, մեղադրյալի կարգավիճակ ունեն նրա եղբայրը, եղբորորդին, մյուս եղբորորդին էլ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ:

– Մենք օրենքի սահմաններում արել և անելու ենք ամեն ինչ, որպեսզի ոչ միայն նախաքննությունը, այլև ամբողջ դատավարությունն ընթանա առանց հակաիրավական միջամտության, առանց դաժանորեն ծեծված մեր վստահորդների իրավունքների հետագա ոտնահարման և առանց որևէ մարմնի կամ անհատի կողմից հանցագործ չարաշահումների:

Զաքարյան եղբայրները և նրանց հարազատներն արդարացիորեն պահանջատեր են, որ նաև հասարակության աջակցությամբ ոչ մի մեղավոր այս գործով չխուսափի պատասխանատվությունից:

Այս պահին ես կարող եմ ասել, որ ո՛չ բռնության զոհերը, ո՛չ էլ նրանց ներկայացնող իրավաբանական թիմը դժգոհություն չունեն քննչական մարմնից: Հուսանք, նման արդյունքներ և գնահատական կգրանցեն նաև արդարադատության համակարգի հաջորդ օղակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս