Թուրքիան պետք է թուլացնի կախվածությունն Ադրբեջանից` չպայմանավորելով հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղով. թուրք գործիչ

«Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ է հարուցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք հայտնի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությանը Թուրքիայի համար:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը նշել է. «Ժամանակն է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում վերջ տալ Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական այլ հողերի օկուպացմանը»: Գյոնյուլի խոսքով՝ «սառը պատերազմի» ավարտից հետո միջազգային հանրության օրակարգի կարևորագույն հարցերից մեկը Ղարաբաղի հիմնախնդիրն է, և հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ «Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար դարձել նույնքան կարևոր, որքան՝ Ադրբեջանի»:

Ջենգիզ Աքթարի գնահատմամբ՝ նախարարը որևէ նորություն չի նշել, քանի որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Այսինքն՝ դրել են նախապայմաններ, ինչը, նրա կարծիքով, արդար չէ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ պայմանավորված միայն հայ-թուրքական հարաբերություններում այսօր առկա իրողություններով: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարևորությունը Թուրքիայի համար կարելի է բացատրել Ադրբեջանից ծայրաստիճան կախվածությամբ հատկապես էներգետիկ ոլորտում: «Թուրքիան լավատեղյակ է, թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանից, եթե սկսի առաջընթաց արձանագրել Հայաստանի հետ հարաբերություններում, որի հետևանքով էլ ԼՂ հակամարտության կարգավորումը դարձել է նախապայման: Ադրբեջանական գործոնի բացակայության դեպքում հայ-թուրքական հարաբերությունները, վստահորեն, այլ ուղով կընթանային: Բայց Թուրքիան այսօր Ադրբեջանից անկախ քայլեր չի կարող իրականացնել` չկարևորելով ԼՂ հակամարտության կարգավորումը»,- նկատեց Ջենգիզ Աքթարը: Վերջինիս համոզմամբ` Թուրքիան պետք է նվազեցնի իր կախվածությունն Ադրբեջանից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս