Առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ հանձնարարվել է հատուկ ռեժիմով կազմակերպել սպասարկող ծառայությունների աշխատանքը

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:

«Երևան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը: «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Կանաչապատման ձեռնարկություններին և համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի և չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաև խստագույնս հետևել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ և ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը: Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ դեռևս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները:

Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երևանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության և բնակչության սպասարկման մյուս ծառայությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս