Եթե Մոսկվայի պատճառով Երևանը հրաժարվի իրանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորությունից, կդավաճանի ՀՀ ազգային շահերին. Վասաձե

«Իրանական գազը Եվրոպա տարանցելը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն` անդրադառնալով իրանական գազը Հայաստանի և Վրաստանի միջոցով Եվրոպա տարանցելու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին, ասել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Պարզապես, նրա խոսքով, չկան համապատասխան ենթակառուցվածքներ: Նա նշել էր. «Անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը Սև ծովը Պարսից Ծոցին կապելու համար շատ լավ միջանցք կարող է հանդիսանալ, հնարավոր է՝ դա ժամանակի առումով երկար տևի, սակայն գիտեք, որ կոմունիկացիաները լուրջ ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»: Սակայն դեսպանը հստակեցրել էր` խոսքը երկաթուղու մասին է, իսկ տարանցման հնարավորությունը շատ է քննարկվել և էական համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Գելա Վասաձեի դիտարկմամբ՝ այդ պրոյեկտները ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ: Վերջնարդյունքում, նրա կարծիքով, դա ամբողջությամբ համապատասխանում է Վրաստանի ազգային շահերին: Ըստ Վասաձեի, ի վերջո, Վրաստանը չի կարողանա «ոչ» ասել իր հնագույն գործընկերոջն ու Եվրոպային, որտեղ ձգտում է ինտեգրվել:

«Բայց, ցավոք, կա շատ ավելի հավանական, կարճ և մատչելի ուղի, քան հայ-վրացականն է: Խոսքը Թուրքիայի մասին է, այսինքն` այս հնարավորության օգտագործումն ավելի հավանական եմ համարում, թեև հայ-վրացական ուղին ևս հնարավոր է, և ես, ըստ էության, համոզված եմ, որ եթե Վրաստանի իշխանություններն ուղիղ կերպով չդավաճանեն իրենց ժողովրդին, իրենց երկրի ազգային շահերին, ապա նման պրոյեկտն ամբողջությամբ իրականանալի կլինի: Պարզապես Իրանն ավելի կարճ և քիչ ծախսատար տարբերակ ունի, մենք իրենց ինչի՞ն ենք պետք»,- ասաց Գելա Վասաձեն:

Սակայն, նրա խոսքով, պատահական չէ, որ դեսպանը խոսում է այդ մասին: Վասաձեի կարծիքով` Իրանը փորձում է արագ տեմպերով ետ վերադարձնել կորսվածն այս տարիների ընթացքում, և Իրանի համար պարտադիր չէ սպասել Թուրքիայի հետ ուղու շահագործմանը: «Ուստի, եթե Թուրքիայի հետ գազատարը պատրաստ չլինի, կարծում եմ, որ նրանք գուցե ցանկանան օգտագործել մեր գազատրանսպորտային համակարգը»,- նկատեց վրացի փորձագետը:

Անդրադառնալով այս հարցում ռուսական գործոնին՝ նա ասաց, որ Ռուսաստանին այդ պրոյեկտը ծայրաստիճան ձեռնտու չէ, քանի որ կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ավելին՝ Ռուսաստանին ձեռնտու չէր նաև համաձայնությունն Իրանի միջուկային ծրագրի և Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վերացնելու շուրջ: Դա, Վասաձեի համոզմամբ, բժշկական փաստ է:

«Ուստի, իհարկե, կլինեն ամեն կերպ խոչընդոտելու փորձեր: Եթե Վրաստանի իշխանությունները հրաժարվեն նման պրոյեկտից, դա կլինի դավաճանություն Վրաստանի ազգային շահերին: Նույնը վերաբերում է ՀՀ իշխանություններին ևս: Եթե ՀՀ իշխանությունները ՌԴ-ի պատճառով հրաժարվեն տարանցման հնարավորությունից, կդավաճանեն ՀՀ ազգային շահերին: Հայաստանը կարող է օգտվել նաև իրանական գազից մեծ ծավալով, քանի որ իրանական գազը և՛ ավելի որակով է, և՛ ավելի էժան, և՛ ավելի մոտ, իսկ Հայաստանի համար էներգետիկ անկախության հարցը ծայրաստիճան կարևոր է, և, որ ամենակարևորն է՝ Իրանը Հայաստանից չի պահանջում քաղաքական քայլեր այս ամենի դիմաց, չի պահանջում, որպեսզի Հայաստանը միանա կասկածելի միությունների, որպեսզի նա սահմանափակի իր ժողովրդավարական զարգացումը, ուստի սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար»,- ասաց Վասաձեն:

Տեսանյութեր

Լրահոս