Բաժիններ՝

«Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը. երեկոյան Երևանին զովություն պարգևող քամիները ևս կդադարեն». Գագիկ Սուրենյան

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ այս օրերին հանրապետությունում դիտվում է բարձր ջերմային ֆոն, բավականին չոր եղանակ.

«Վերջին երեք օրերին Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանները տատանվել են 38-39 աստիճանների սահմաններում: Մայրաքաղաքում վերջին օրերին 40-ի շեմը չենք գերազանցել: Այս բարձր ջերմային ֆոնը (38-39 աստիճան) կպահպանվի մինչև հուլիսի 30-ը:

Հուլիսի 30-ից եղանակային պայմանները կփոխվեն: Եթե հիմա օդային հոսանքները փչում են Սիրիայի տարածքից, ապա հուլիսի 30-ից դրանք կփոխեն իրենց ուղղությունը՝ դառնալով անմիջապես հարավային, և կփչեն արաբական անապատներից: Դա նշանակում է, որ Կովկասին մոտենում է նոր տաք օդի ալիք, որն իր հետ կբերի արևադարձային նոր տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը, երբ մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ 40 աստիճան, իսկ առանձին՝ ոչ ծառածածկ վայրերում՝ 41 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ՝ կդիտվի օդի հարաբերական խոնավության կտրուկ անկում, այսինքն՝ եթե այսօր ցերեկը Երևանում օդի հարաբերական խոնավությունը 30-40 տոկոս է, ապա այդ օրերին կնվազի մինչև 15-20%: Սա նշանակում է, որ բույսերի մոտ կնկատվի արագ ջրազրկում: Երբ օդի հարաբերական խոնավությունը կտրուկ նվազում է, բույսերի տերևներից արագանում է գոլորշիացումը, և բույսն արագ ջրազրկվում է: Դրա համար գյուղատնտեսներին խորհուրդ ենք տալիս ավելի շատ ոռոգում կատարել, որպեսզի բույսերը չջրազրկվեն:

Մարդկանց խորհուրդ ենք տալիս բարձր ջերմային ֆոնի ժամանակ խուսափել ակտիվ գործունեությունից, 13-17 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի անմիջական ճառագայթների տակ մնալուց, ընդունել շատ հեղուկներ, խուսափել դրսում լինելուց: Եթե օդի ջերմաստիճանը 38-ից բարձր է, այսինքն՝ բարձր է մեր մարմնի ջերմաստիճանից, օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ»:

Մասնագետը զգուշացրեց՝ երեկոյան Երևանին զովություն պարգևող քամիները հուլիսի 30-ից կդադարեն: Երեկոյան ժամերին չենք ունենա լեռնահովտային շրջանառություն, ինչի հետևանքով՝ ջերմային բարձր ֆոնը կպահպանվի: Այսինքն, եթե հիմա երեկոյան ժամը 19-22 ընկած ժամանակահատվածում ունենում ենք 28-30 աստիճան, ապա լեռնահովտային շրջանառության դադարի դեպքում կունենանք 34-35 աստիճան տաքություն, ինչը շատ բարձր ջերմաստիճան է այդ ժամանակահատվածի համար:

Կանխատեսվում է տաք օգոստոս, օդի ջերմաստիճանը կլինի նորմայից մեկ աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում: Սակայն, պետք է նկատել, որ օգոստոսի տեղումների նորման շատ չնչին է: Օրինակ՝ մայրաքաղաքում և Արարատյան դաշտում ընդամենը 9 մմ է, ինչն ընդամենը մեկ նորմալ անձրև է:

Արարատյան դաշտում օգոստոսի սկզբին ջերմաստիճանը կտատանվի հիմնականում 39-40 աստիճանի սահմաններում, ամսվա երկրորդ կեսին, արդեն, կդիտվի ջերմաստիճանի անկում: Գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինի 15-17 աստիճանի սահմաններում: Լեռնային շրջաններում ամսվա առաջին օրերին՝ ցերեկային ժամերին, ջերմաստիճանը կտատանվի 29-34 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի՝ 5-8 աստիճանի:

Լոռիում ամսվա առաջին օրերին շոգ կլինի՝ 30-35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին հնարավոր է ջերմաստիճանի անկում՝ մինչև 5-9 աստիճան: Ամսվա առաջին օրերին խիստ շոգ կլինի նաև Տավուշի հովտային գոտում՝ 35-39 աստիճան, սակայն ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը կնվազի, գիշերը կլինի 6-11 աստիճան: Երևանում ամսվա առաջին կեսին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 39-40 աստիճանի սահմաններում, իսկ ամսվա երկորրդ կեսին՝ գիշերային ժամերին կլինի 13-15 աստիճան տաքություն:

Հիդրոմեդ ծառայությունը զգուշացնում է ազգաբնակչությանը՝ պայմանավորված չոր, անձրևազուրկ օրերով և բարձր ջերմային ֆոնով՝ հանրապետության հովտային գոտիներում և նույնիսկ նախալեռնային գոտիներում ստեղծվել է ամենաբարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խնդրում ենք ցուցաբերել ամենայն զգուշություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս