Կրոնական աղանդներն ամառային ճամբարներն օգտագործում են երեխաների հոգեորսության համար. Ալեքսանդր Ամարյան. armenpress.am
Աղանդավորական շատ կառույցներ, երիտասարդության հետ ակտիվ աշխատանք իրականացնելով, մատուցում են նաև ճամբարային ծառայություններ, որտեղ երեխաներին քարոզ են կարդում: Նման ճամբարներին մասնակցության արժեքը բավականին մատչելի է, այդ իսկ պատճառով շատ ծնողներ երեխաներին ուղարկում են այդտեղ՝ առանց ճշտելու դրանց կազմակերպիչ կազմակերպությունների ինքնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
«Ծնողները երեխաներին էժան գնի համար ուղարկում են ճամբար, սակայն նրանց վերադառնալուն պես հասկանում են, որ երեխային ներգրավել են աղանդավորական կազմակերպության մեջ: Բացի ամառային ճամբարներից օրինակ «Կյանքի խոսք» եկեղեցին ունի նաև ձմեռային ճամբար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հանրապետությունում կազմակերպվող ճամբարները հսկվեն պետության կողմից: Ներգրավվելով աղանդավորական կառույցների մեջ՝ մարդը կորցնում է ընտրություն կատարելու կամքն ու տեղեկացված լինելու իրավունք», – նշել է Ալեքսանդր Ամարյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանում գործող բոլոր խարիզմատիկ եկեղեցիները կենտրոնացած են երիտասարդության վրա, քանի որ վերջիններիս վրա հեշտ է ներազդել, իսկ այնուհետ նրանց կառավարել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: