Նաիրիտցիներն այսօր էլ փող չստացան
Նաիրիտցիներին այսօր աշխատավարձի վճարում չի կատարվել: Հուլիսի 17-ին աշխատավարձ ստանալու դիմաց տույժ և տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագիրը ստորագրել էին գործարանի կաուչուկի արտադրության նախկին աշխատակիցները և այսօր լրանում է պայմանագրով նախատեսված 7-րդ օրը, որի ընթացքում վճարող կողմը պարտավորվել էր փոխանցել գումարը: Թե ինչո՞ւ այսօր փոխանցում չի արվել, նաիրիտցիներին չի բացատրվել: Նրանցից ոմանք կարծում են, որ իրենց կրկին խաբել են և այդ պայմանագիրն ուղղակի տույժ-տուգանքները գրպանելու նպատակ էր հետապնդում:
Գործարանի արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ հուլիսի 17-ին ստորագրողների ժամկետը վաղն է լրանում:Նա վստահություն հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջ պարտքն ամբողջությամբ կվճարեն. «Ուրիշ ճանապարհ այլևս չկա խաբելու, պետք է տան»:
«Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ վաղը ԱԺ-ում կայանալիք քննարկումներին, ըստ Հ.Թադևոսյանի, աշխատակազմից մարդ չեն հրավիրել: Ամեն դեպքում, նաիրիտցիները պատրաստվում են հավաքվել ԱԺ շենքի առջև:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին տույժ-տուգանքներից հրաժարվելու պայմանագիրը ստորագրել էր մոտ 450-500 աշխատակից, որոնց գումարը փոխանցվել էր հուլիսի 24-ին: