Սահմանամերձ Նավուր համայնքում գործում է հիմնանորոգված ամբուլատորիա
Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսուհետև կսպասարկի Տավուշի մարզի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների շուրջ 1970 բնակչության: 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցված շենքի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի.Բեյլին:
«Անկախության տարիներից ի վեր ենթակառուցվածների մեջ այս ամբուլատորիան առաջին կառույցն է համայնքում, որը շատ դրական ազդեցություն կունենա առողջապահության զարգացման վրա: Շնորհակալ ենք ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասեյակին և Համաշխարհային բանկին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասաց Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը` հայտնելով համայնքի բնակչության գոհունակությունը:
Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանն ընդգծեց, որ այս բժշկական կազակերպության գործունեությունը էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքի բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ լավ պայմաններում:
Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. ներդրված նոր ծրագրերը` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը: Նախարարը հետաքրքրվեց սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննության ծրագրի ընթացքով, անդրադարձավ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում այս տարվա հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրերին` ընդգծելով բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:
Նշենք, որ ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուրի համայնքն ընդգրկվեց Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չէր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Նավուր համայնքում ներդրվել է շուրջ 52.5 մլն դրամ: