Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ կքննարկի ԴԱԻՇ-ի ու քուրդ անջատողականների դեմ պայքարի հարցը
Թուրքիան հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների դեսպանորդների արտահերթ հավաք անցկացնելու նախաձեռնությամբ, որպեսզի քննարկի ԴԱԻՇ-ի ու քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողությունների կոորդինացման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանդիպումը պետք է տեղի ունենա Բրյուսելում մոտ օրերս:
Թուրքիայի զինված ուժերը մի քանի հարված էին հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին , ինչպես նաև Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարներին վերջին մի քանի հարձակումներից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով, ով ենթադրաբար եղել է ԴԱԻՇ-ի գրոհային, Սուրուչում զոհվել էր 32 մարդ:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը դա ընկալել էր որպես ԴԱԻՇ-ի հետ Թուրքիայի համագործակցություն ու հարձակումներ էր իրականացրել թուրք ոստիկանների դեմ:
Թուրքական բանակը Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերը գրոհեց 2013 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Անկարան ու քուրդ անջատողականները հայտարարեցին կրակի դադարեցման մասին: