Բաժիններ՝

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը (պաշտոնական)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ: Ավելի վաղ հայտնել ենք, որ նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, շարժառիթը, միջադեպին ներկա գտնված, մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն` նշված տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: Կատարված քննչական գործողությունների արդյունքում նախկինում 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Մ.Զաքարյանին ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու համար: ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս