Գյումրիում Ավետիսյանների սպանությունը կարող է լինել օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիա. հայ գնդապետ
Գյումրիում Ավետիսյանների սպանությունը կարող է լինել օտարերկրյա հատուկ ծառայությունների դիվերսիայի հետևանք:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) արտաքին հետախուզության նախկին ղեկավար, ՀՀ Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը։
«Կոմսոմոլսկայա պրավդան» վերջինիս հետ զրուցել է 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության շուրջ, որը կատարելու մեջ կասկածվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանի բնակչության մեծ մասը կասկածում է, թե այդ հանցագործությունը կարող էր մեկ մարդ իրականացնել, գնդապետը պատասխանում է, որ ինքը՝ որպես զինվորական, իսկապես դժվար է պատկերացնում, որ ինչ-որ երիտասարդ զինվոր կարող է այդքան սառնասրտորեն, «փորձառու մարդասպանի պես, առանց դրդապատճառի՝ գիշերն անծանոթ տանը խողխողել յոթ մարդու»:
«Այդ պատճառով էլ ես կարծում եմ, թե դա ավելի շատ նման է պլանավորված օպերացիայի, որի նպատակն էր՝ պայթեցնել հայ հասարակությանն ու տրամադրել Ռուսաստանի դեմ»,- կարծում է Պետրոս Պետրոսյանը։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ հանցագործությունը, վերջինս կարծիք է հայտնել, թե դա հնարավոր էր անել «հիպնոսի ազդեցության տակ»:
«Կան մարդիկ, որ շատ հեշտ են տրվում ներշնչանքին»,- ասել է գնդապետը:
Նրա խոսքով՝ աշխարհի բազմաթիվ երկրների հատուկ ծառայություններ ունեն այնպիսի դեղամիջոցներ, որոնց ազդեցության տակ մարդը ոչ միայն կարող է հայտնել այն տեղեկությունները, որ իրեն հայտնի են, այլև կասի այն, ինչ իրեն կարող է ներշնչել քննիչը:
«Ու եթե նման բան են տվել Պերմյակովին սննդի հետ կամ ներարկել են, ապա կարող էին նրան ստիպել իրականացնել ցանկացած հրաման»,- ասել է գնդապետը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե եթե Պերմյակովի հետ կատարվածը դիտարկվի որպես դիվերսիա, ապա դա ենթադրում է, որ նրան շրջապատել են հավաքագրված մարդիկ, որոնք ինչ-որ բան են նրան տվել ուտելու կամ խմելու, նստեցրել են մեքենան, տարել Ավետիսյանների տուն, Պետրոս Պետրոսյանը պատասխանել է, թե ինքը չի ցանկանում առանց ապացույցների մեղադրել զինվորականներին կամ բազայում որևէ մեկի:
«Ներկայում գաղափարական նկատառումներով չեն հավաքագրում, սակայն գումարն ու կոմպրոմատը եղել են ու միշտ կլինեն: Երբեմն ստիպված էինք մեզ անհրաժեշտ մարդուն ուսումնասիրել ավելի քան մեկ տարի, մինչ նրան հավաքագրելը: Դա բարդ գիտություն է: Սակայն, եթե հավաքագրմամբ զբաղվում են իսկական պրոֆեսիոնալներ, ապա, որպես կանոն, նրանց մոտ ամեն ինչ ստացվում է»,- եզրակացրել է գնդապետը։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: