«Կընդունվեն միայն այն առաջարկները, որոնք ավելի ողջամիտ են». Կարինե Աճեմյանը՝ Սահմանադրության վերաբերյալ ԱԺ-ում անցկացվելիք քննարկումների մասին
Ժամանակին ընդդիմության ներկայացուցիչները բոցաշունչ ելույթներ էին ունենում՝ հօգուտ կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ հիմա կամ լռում են, կամ քննադատում են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:
Ըստ նրա՝ եթե հասարակությունն «այո՛» ասի հանրաքվեին, ապա մեր համակարգն ավելի առաջադեմ կդառնա:
Կ. Աճեմյանը նկատեց՝ կարևոր է, որ հանրությունը ծանոթանա ընթացակարգին.
«Շատերը կարծում են, որ սա արդեն հրապարակված փաստաթուղթ է, որն այլևս ենթակա չէ փոփոխությունների, բայց այն պահից, երբ ամբողջ փաստաթուղթը կհրապարակվի ու կուղարկվի նախագահին, նախագահը բարեփոխումների այս փաստաթուղը կուղարկի ԱԺ, որն անպայման պետք է քննարկումներ նախատեսի: Այսինքն՝ ԱԺ-ում պետք է խորությամբ քննարկենք այս փաստաթուղթը, և 15-օրյա ժամկետ է տրվում առաջարկների համար, որի ժամանակ բոլոր ուժերի, քաղաքական գործիչների իրատեսական առաջարկները հաշվի կառնվեն և դրանից հետո կորոշվի հանրաքվեի օրը, որից հետո քաղաքական ուժերը նոր կարող են քարոզարշավ անցկացնել: Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում՝ իրենց դիրքորոշումներն այդ ժամանակահատվածում հստակ ներկայացնել»:
Հարցին՝ հայեցակարգի նախագծի դեպքում նույնպես բազմաթիվ առաջարկներ եղան, բայց քաղաքական ուժերն ասում են, որ այդ առաջարկները ոչ ոք չլսեց, արդյո՞ք երկրորդ փուլում նույնպես այդպես չի լինի, նա պատասխանեց.
«Մասնագիտական հանձնաժողով է աշխատել, բայց ես շատ լավ գիտեմ, որ նրանք քաղաքական ուժերի հետ են համագործակցել: Եթե այս փաստաթուղթն արդեն քննարկվելու է ԱԺ-ում, պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներգրավված են ԱԺ-ում, ունեն առաջարկներ անելու հնարավորություն: Կընդունվեն միայն այն առաջարկները, որոնք ավելի ողջամիտ են: Երբեմն շատ տարօրինակ առաջարկներ են հնչում, որոնք մեր իրականության հետ կապ չունեն»: