Վերնիսաժում հնչած կրակոցների գործով դատական նիստի օր է նշանակվել
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտակայքում հնչած կրակոցների գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 3-ին: Դատական նիստն ավելի վաղ հետաձգվել էր անորոշ ժամանակով, գործով ամբաստանյալներից մեկի՝ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության նշանակման պատճառով:
Դատարանի որոշմամբ՝ փորձագետներին առաջադրվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ մեղսագրվող արարքներից յուրաքանչյուրը կատարելու պահին Գոռ Առաքելյանի մոտ որևէ հոգեկան հիվանդություն եղե՞լ է, իրավիճակով պայմանավորված հոգեկան պաթոլոգիաներ առաջացե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, դրանք նրանք զրկե՞լ են իր գործողություններին հաշիվ տալու հնարավորությունից, մեղսագրվող արարքերից յուրաքանչյուրը կատարելու պահին Գոռ Առաքելյանը եղել է մեղսունա՞կ, անմեղսունա՞կ, թե՞ սահմանափակ մեղսունակ վիճակում, գտնվե՞լ է արդյոք աֆեկտի վիճակում, թե՞ ոչ, գտնվե՞լ է արդյոք այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, նրան ինչպիսի՞ անհատական հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ, որոնք կարող էին էապես ազդել նրա վիճակի վրա:
Օգոստոսի 3-ին կայանալքի նիստի ընթացքում հավանաբար կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը: