Նախարարի հրամանը կա, մասնագետները՝ չկան. ովքե՞ր պետք է դասավանդեն «Ազգային երգ ու պար» առարկան
Այսօր «Նոյյան Տապան» սրահում կազմակերպվել էր հանդիպում «Տկզար» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կառլեն Միրզոյանի, գրականագետ, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի,երաժշտագետ Արմինե Միրզոյանի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանի և ԵՊՀ Գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ Սամվել Մուրադյան մասնակցությամբ: Հանդիպման թեման հուլիսի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստորագրված «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու հրամանի քննարկումն էր։
Հարցերը, որոնք բարձրացվեցին քննարկման ընթացքում, շոշափում էին՝ որքանո՞վ է «Ազգային երգ ու պար» առարկան նպաստում աշակերտների գեղագիտական դաստիարակությանը ու հայացքների ձևավորմանը, առակայի նպատակը, ուսուցման մեթոդները, իրականացման խնդիրները:
Հանդիպման բանախոս Կառլեն Միրզոյանն ուրախ է, որ այս ծրագրի միջոցով պատանիները պրոֆեսիոնալ-գեղագիտական մոտեցմամբ հաղորդակից կլինեն ազգային մշակույթին: Նա գտնում է, որ սկզբնական շրջանում և տարրական դասարանների համար գիտելիքները ծանոթագրության տեսքով կլինեն, այնուհետև տարքային տարբեր շեմերում գիտելիքի մատուցման մակարդակը կմեծացնի շրջանակը՝ ընդգրկելով լուրջ տեսական ինֆորմացիա:
Նրան, սակայն, այլ հարց է մտահոգում՝ ովքե՞ր պետք է դասավանդեն այս առարկան. «Այս առարկայի դասավանդման համար, իմ կարծիքով, չկան պրոֆեսիոնալ ուսուցիչներ: Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը կարող է վերապատրաստվել ու դասավանդել ազգային պարը: Մի արեք նման բան, մանավանդ, որ եթե այդ մարդը չունի մասնագիտական կրթություն, ապա նրա դասավանդածը կապիկություն կարելի է համարել: Եթե առարկայի դասավանդման հիմքերը դրվեն այս հիմքի վրա, ապա սա շատ վտանգավոր տեղ կտանի»: Բանախոսը գտնում է, որ այս առարկայի դասավանդման մեթոդների, ինչպես նաև՝ դասագրքի կազմման աշխատանքներին պետք է մասնակցեն ինչպես՝ հատուկ կազմված գեղարվեստական խորհրդի անդամներ, այնպես էլ՝ Մանկավարժական համալսարանի համապատասխան մասնագետները: Նա չի բացառում նաև «Հայորդաց տների» մասնագետների ներգրավումն այս ծրագրի քննարկումներին:
Մեկ այլ բանախոս՝ Դավիթ Սարգսյանը, գտնում է, որ այս առարկայի դասավանդման համար անհրաժեշտ է մոբիլիզացնել հանրապետության մշակութային դաշտի բոլոր մասնագետներին՝ հասկանալով, թե նրանցից ով ինչ ուղղությամբ կարող է ներգրավվել այս ծրագրի բարեհաջող զարգացմանը. «Իհարկե, նախընտրելի է սկսված գործը լավ անել, քան տեսիլք ստեղծել, թե լավ ես անում, որովհետև ես սա համարում եմ շատ կարևոր, տեղին և ժամանակին մտածված ազգային ծրագիր: Շատ կարևոր է, որ դեռ դպրոցական տարիքից երեխայի մեջ դաստիարակվեն ազգային արժեքները: Այս նախաձեռնության մուտքը դպրոց նախապատրաստում է ազգային գիտելիքների տեսակետից ապագա կիրթ սերունդ, ովքեր մեր մշակույթը պատվով կներկայացնեն ամեն բնագավառում, սկսած կենցաղայինից՝ մինչև ամենաներկայանալի բեմեր»,- ավարտեց իր միտքը հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:
Երաժշտագետ Արմինե Միրզոյանի համար կարևոր է ծրագրի շրջանակներում ներառել ազգային նվագարանների պատմության մասին ընդգրկուն տեսական ինֆորմացիա. «Ազգային նվագարանների տեսակներ կան, որոնք այնքան են մոռացվել ու անտեսվել, ընդհուպ այն աստիճան, որ դրանց մասին հատկապես դպրոցականները չեն էլ լսել: Դրանց տերը մենք ենք, ուրեմն մենք էլ պետք է տեր կանգնենք, որ հարևաններն այսքան բարեխիղճ ձևով չյուրացնեն դրանք»: Արմինե Միրզոյանն անհրաժեշտ է համարում՝ ազգային երգի դասավանդման հետ զուգահեռ՝ անպայման ներառել նաև նվագարանների պատմությունը, հակառակ դեպքում, ինֆորմացիան կիսատ կարելի է համարել: ԵՀՊ
Գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը հանրապետության 100 դպրոցներում ազգային կրթության ներառումը վաղուց անհրաժեշտ ծրագիր է համարում: Նա կարծում է, որ սկզբից ևեթ դասավանդման ծրագիրը մասնագիտական հիմքերի վրա դնելով՝ և՛ դպրոցը, և՛ աշակերտները միայն կշահեն: Սամվել Մուրադյանն այն կարծիքին է, որ ազգային գիտելիքների պակասի արդյունքում՝ բնագավառում ոչ միայն հայտնվել, այլև զավթել են բազմաթիվ ինքնակոչներ, ովքեր միգուցե կնահանջեն, եթե գա գիտելիքներով ու ազգային հստակ դիրքորոշմամբ զինված գրագետ սերունդ: Ասուլիսի մասնակից քամանչահարուհի Անժելա Աթաբեկյանը ևս պատրաստ է իր ունեցած փորձն ու գիտելիքներն ի սպաս դնել հանրակրթական դպրոցներում այս առարկայի ներառման ու բարեհաջող ադապտացման ծրագրին: Ասուլիսին ներկա բոլոր բանախոսները միաձայն այն կարծիքին են, որ սա ոչ միայն տեսական կարևոր գիտելիքներ փոխանցող առարկա է, այլև ազգային ոգին ու դաստիարակությունը բարձր պահող կարևոր ծրագիր: