«Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները պայմանավորված են Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցով». Դավիթ Բաբայան
«Հակառակորդն արժանի հակահարված կստանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրադրությանը:
Դավիթ Բաբայանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կրկին լարում է իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` ողջ օրվա ընթացքում ղարաբաղյան կողմի դեմ օգտագործելով տարբեր տրամաչափի նռնականետեր: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը, սակայն, այսօր նկատված լարվածությունը պայմանավորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցով:
«Երբ համանախագահները ժամանում են տարածաշրջան, հակառակորդն ինտենսիվ կերպով սկսում է խախտել հրադադարի ռեժիմը, ինչը մեզ համար այլևս անակնկալ չէ, ավելին օրինաչափ է»,- ասաց Դավիթ Բաբայանը` շարունակելով, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները նրանց իսկ գործողությունների տրամաբանությունից դուրս չեն: Նրա հավաստիացմամբ` լարվածության համար այլ բացատրություն չկա: Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդը ստանում է և կստանա արժանի հակահարվածը, ինչն էլ կզսպի նրան` իրավիճակը տեղափոխելով բնականոն հուն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: «Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև՝ 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:
Շփման գծի ողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- ասված է հաղորդագրությունում: