Էժան թռչնամսի ներկրման պատճառով տեղական ընկերությունները դադարեցնում են գործունեությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ծանր կացության պատճառն այն է, որ վերջին ամիսներին մեծ ծավալներով էժան թռչնամիս է ներկվում Հայաստան: Արդյունքում, տեղական արտադրողները, որոնց ապրանքն ավելի որակով է, բայց նաև թանկ, մրցակցությանը չեն դիմանում:
«Միլեն Արտ» ընկերությունը, որը շուրջ տասը տարի զբաղվել է թռչնամսի արտադրությամբ, արդեն մոտ 20 օր է՝ իր գործունեությունը դադարեցրել է: Ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այլևս չի ցանկանում թռչնամսի արտադրությամբ զբաղվել: «Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- թերթի փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը։
Վերջին տասն ամիսներին դժվարին կացության մեջ են հայտնվել Հայաստանի թռչնամսի և ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները։ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ ներմուծվող թռչնամսի ծավալների աճի պատճառով տեղական արտադրողները մեծ վնասներ են կրում, շուկայում սպառվում է առավել էժան, սակայն ոչ շատ որակով ներմուծված թռչնամիսը, իսկ տեղականը՝ ոչ։
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանում թռչնամսի իրացման ծավալները նվազել են, իսկ ներմուծման ծավալները, հակառակը, ավելացել են։ «Արտադրանքի իրացման ծավալների նվազումը նաև կապ ունի մարդկանց գնողունակության անկման հետ։ Սրան զուգահեռ՝ աճել են ներմուծման ծավալները։ Մարդիկ սկսել են թռչնամիս ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից, որը հայկական շուկայում ավելի էժան է վաճառվում, քան տեղականը։ Բայց տեղական արտադրողներն այս ֆոնին լուրջ խնդիրներ են ունենում, սկսել են ինքնարժեքից ցածր վաճառել իրենց ունեցածը ու վնասներ կրել»,- նկատեց Ստեփանյանը։
Մասնագետից տեղեկացանք, որ այս օրերին տեղական շուկայում մեկ կիլոգրամ թռչնամիսը վաճառվում է 750-800 դրամով: «Գինն արդեն խոսում է իր որակի մասին։ Տեղական արտադրողները տարիներ շարունակ ներդրումներ են անում, արտադրության ծավալներն են ավելացնում, բայց մեծ քանակությամբ ներմուծված թռչնամսի պատճառով նրանք մեծ վնասներ են կրում»,- մտահոգված արձանագրեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահը։
Այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել նաև ավելի քան տասնամյա գործունեության պատմություն ունեցող թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Միլեն Արտ» ընկերությունը, որի արտադրանքը հիմնականում սպառվում Էր Երևանում։ «Ժողովուրդ»-ը թռչնամսի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Միլեն Արտ» ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանի հետ։ Վերջինս ցավով արձանագրեց, որ իրեն պատկանող ընկերությունը մոտ 20 օր է, ինչ չի աշխատում։
«Այնքան խնդիրներ են առաջացել, որ հիմա ես չեմ ցանկանում լսել թռչնամսի մասին։ Շատ ահավոր վիճակում հայտնվեցի, թռչնամսի գինն իջավ ու դարձավ 900-1000 դրամ։ Իսկ դա մեզ համար ինքնարժեքից ցածր գին է։ Ինչ ունեի, եղածը մորթեցի։ Լրիվ հավերին մորթեցի ու թափեցի։ Վնասներ կրեցի։ Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետև մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել։ Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,– վրդովված նշեց գործարար Աբրահամյանը։
Նրա պնդմամբ՝ մեր հարևան հանրապետության՝ Վրաստանի թռչնամսի շուկայում պատկան կառույցները վերահսկողություն են իրականացնում։ «Ըստ այդմ, իրենք տեղյակ են, թե որքան ներմուծված թռչնամիս է պետք, և որքան՝ տեղական։ Իսկ մեզ մոտ նման բան չկա, ով որքան ցանկանում է, ներմուծում է։
Բերում են ու շուկան դրանով ողողում, հետո սկսում են կռիվ տալ գնի համար։ Այսօր 1 կգ տեղական թռչնամիսը պետք է վաճառվեր 1300-1400 դրամ, բայց ներմուծված թռչնամսի պատճառով այն դարձավ 900-1000 դրամ։ Բավականին հետ գնացինք, մեծ վնասներ կրեցինք»,- նշեց «Միլեն Արտի» տնօրենը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում՝ պարտքեր է կուտակել, ունի նաև վարկային պարտավորություն֊ներ։ Ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված գործարարը դեռ չի որոշել իր հետագա անելիքները։ «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս վարվեմ։ Չէ՞ որ բազմաթիվ, թանկարժեք սարքավորումներ եմ գնել, թռչնանոցներ եմ կառուցել, աշխատանքներ են տարվել։ Հիմա ամբողջ եղածը, ստեղծածը քանդեմ ու մտածեմ, թե դրա փոխարեն ինչ անեմ»,- հուսահատված դժգոհեց գործարարը։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։