Նոր մանրամասներ Լավրով-Մամեդյարով հանդիպումից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցած ուրբաթ օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ քննարկվել էին նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հարցեր: Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հարկավոր է ինտենսիվացնել ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցությունները ու որ անհրաժեշտ է առաջխաղացում այդ հարցում:
Սակայն, ինչպես հաղորդում է ադրբեջանական contact.az գործակալությունը, հանդիպմանն արծարծվել են նաև այլ հարցեր:
Համաձայն դիվանագիտական աղբյուրների՝ կողմերը մտադրություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ «տարածաշրջանային, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Կասպյան ու այլ ձևաչափերով»:
«Սեպտեմբերին Սվերդլովի մարզում Ռուսաստանը կազմակերպում է սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի մեծ ցուցադրություն: Սպասում ենք Ադրբեջանի ներկայացուցիչներին»,-ասել է Լավրովը:
Բացի այդ՝ Լավրովը մասնակցության հրավեր է ուղարկել Ադրբեջանի էներգետիկայի նախարարին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք համաժողովին, որը վերաբերելու է մայրցամաքային շելֆի Արկտիկայի ռուսական մասում նավթագազային նոր հանքավայրերի յուրացմանը:
Մամեդյարովը, իր հերթին, մատնանշել է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցման կարևորությունը երկկողմ համագործակցության բոլոր հարցերում»:
Մամեդյարովն ասել է, որ շնորհիվ Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն ընկնում է «ռելսերի վրա»:
Գործակալությունը հաղորդում է, որ Մամեդյարովի հետ բանակություններից հետո ՌԴ արտգործնախարարը զանգահարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու քննարկել է ԼՂ կարգավորման հարցը:
Մանրամասներ չեն հաղորդվում: