«Սերժ Սարգսյանը կատարելու է բավականաչափ կոպիտ քաղաքական սխալներ, որոնցից մեկը լինելու է սահմանադրական բարեփոխումները». Արամ Կարապետյան
«Գլոբալ առումով՝ այդ սահմանադրական բարեփոխումները Հայաստանին պետք չեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ըստ նրա՝ նախագահ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով սահմանադրական այդ բարեփոխումները, ուզում է որոշակի առումով և տարբեր մեխանիզմներով մնալ իշխանության ղեկին: Բացի այդ, Ա. Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական վիճակը «բավականաչափ վատ է». «Հիմա, եթե դուք այդ վիճակը չեք ուզում փոխեք, ի՞նչ եք անում, մի կեղծ օրակարգ եք առաջ բերում ու այդ բուն օրակարգից քաշում եք հասարակությանը: Լրատվական դաշտն էլ, որը պետք է ինչ-որ բանի հրատապ անդրադառնա, անդրադառնում է, ինչքան խելացի մարդ կա՝ մտցնում են մի հատ ախմախ գործընթացի մեջ, մենք էլ, ուզենք թե ոչ, մտնում ենք»:
Ի պատասխան մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ իշխանությունների կողմից մարդկանց ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու նպատա՞կ ուներ սահմանադրական բարեփոխումների այս ործընթացը, Ա. Կարապետյանը համաձայնեց՝ ասելով, որ այն, ինչ պետք է երկրի համար հիմա անել, «դնում են մի կողմ, քանի որ դա անել չեն կարող»:
«Այդ ամբողջի հետ գումարվում է այն, որ շատ անգրագետ տեքստ է բերված, դա բոլորն էլ գիտեն արդեն: Նույն Հանրապետական կուսակցության անդամները գիտեն, նայել են, բոլորն էլ հասկացել են, որ մի հատ անհասկանալի, խճճված բան է մտցված: Աշխարհում մի որևէ նորմալ քաղաքագետ չի կարող նույնիսկ հասկանալ՝ ինչ են ուզել գրել: Հիմա մենք այդ հիմարությունը դրած՝ քննարկում ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր հարցին՝ այդ դեպքում՝ ելքը ո՞րն է՝ ըստ Ձեզ, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ ելքն այն է, որ Սերժ Սարգսյանը կատարելու է «բավականաչափ կոպիտ» քաղաքական սխալներ. «Դրանցից մեկը լինելու է սահմանադրական բարեփոխումները, որը վերածվելու է մի մեծ սկանդալի, դառնալու է մի մեծ շարժման հիմք, հետո տեսնելու է՝ դա չստացվեց, նորից ծագումով ղարաբաղցի մեկին էլի դեմ է տալու՝ որպես նախագահի թեկնածու: Դա անելու է նրա համար, որ այդ մարդը քաղաքական մարդ չէ, ինքը քաղաքական լուծումներ չգիտի, իր լուծումներն են Վովա Գասպարյանը, ջրցանն ու դուբինկեն: Իմ տեսակետից՝ հասարակության 99 %-ը դեմ է լինելու սահմանադրական բարեփոխումներին»: