Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուների թիվը նվազել է
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ բերված արվեստի գործեր. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի վարիչ Դոնարա Հարությունյանը:
«Համեմատած մյուս տարիների հետ այս տարի քչացել են թանգարան այցելողների թիվը: Կարելի է առանձնացնել, որ ընթացիկ տարվա ապրիլ և մայիս ամիսներին առավել շատ էր զբոսաշրջիկների հոսքը, որը ըստ երևույթին կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»,-նշել է Դ. Հարությունյանը և հավելել, որ զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրվում են Շուշիի պատմությամբ:
«Հիմնականում այցելուներ ունենք՝ Ավստրալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև սփյուռքահայերի մեծ հոսք է նկատվում վերջին տարիներին:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին թանգարան են այցելել 1132 զբոսաշրջիկ, որոնցից 335-ը արտերկրից»,-ասել է Դ. Հարությունյանը և ավելացրել, որ 2014 թվականին ընդհանուր այցելուների թիվը եղել է 6265, որոնցից՝ 925-ը արտերկրից:
Թանգարանի վարիչը խոսելով զբոսաշրջիկների տեղեկացվածության մասին, նշել է, որ հիմնական այցելուներն այնքան էլ տեղյակ չեն լինում Արցախի պատմությանը, շատերի մոտ էլ այն կարծիքն է, որ այստեղ լարված իրավիճակ է, սակայն անձամբ լինելով Արցախում տեսնում են ճիշտ հակառակ պատկերը:
Նշենք, որ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը ստեղծվել է 2013 թվականի մայիսի 9-ին՝ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ: Թանգարանն ունի շուրջ 600 արվեստի գործ:
Թանգարանը տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝ նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում: