Ճապոնիայում բացվել է ռոբոտային անձնակազմով աշխարհում առաջին հյուրանոցը
Henn-na հյուրանոցում աշխատում են արհեստական ինտելեկտով 10 աշխատակից: Ճապոնական Նագասակի պրեֆեկտուրայում բացվել է Henn-na անվանումով աշխարհում առաջին` ռոբոտներով աշխատող հյուրանոցը, գրում է ճապոնական մամուլը: Տվյալ պահին հյուրանոցը սպասարկում են արհեստական ինտելեկտով 10 աշխատակից` 3 ադմինիստրատոր, 4 դռնապան, 2 սպասուհի և 1 հանդերձապահ:
Մեքենաները պատասխանատու են նաև սուրճի պատրաստման, տարածքի մաքրման, թարմ սպիտակեղեն հասցնելու և այլ բաների համար: Անհրաժեշտ ռոբոտին կանչելու համար պետք է 1-2 կոճակ սեղմել պլանշետի վրա, որոնք տրվում են հյուրանոցի հաճախորդներից յուրաքանչյուրին:
Հյուրանոցում ռոբոտների կողքին աշխատում են նաև մարդիկ: Հետագայում պլանավորվում է, որ աշխատանքների 90 տոկոսը կկատարեն միայն ռոբոտները:
Արհեստական ինտելեկտի ներկայացուցիչները նախագծվել և պատրաստվել են Koroko ընկերության կողմից, որը կարողացել է անհոգի մեքենաներին տալ մարդկային կերպարանք: Օրինակ` ընդունարանում աշխատող ռոբոտներին տրվել է երիտասարդ ճապոնուհիների կերպարանք: Նրանք կարողանում են շնչել, թարթել, հաստատել տեսողական կոնտակտ զրուցակցի հետ, տիրապետել մի քանի ինտոնացիաների և ազատ խոսել ճապոներեն, չինարեն, կորեերեն և անգլերեն:
Դեռևս հյուրանոցը այնքան էլ մեծ չէ. 2 հարկում տեղավորված է 72 համար: Սակայն 1 տարի հետո պլանավորվում է համարների քանակը կրկնապատկել: 1 տեղանոց համարի 1 գիշերվա արժեքը կազմում է 60 դոլար:
Եթե հյուրանոցը հաջողություն ունենա, ապա մասնագետները պլանավորում են հետագայում ամբողջ աշխարհում կառուցել մոտ 1000 ռոբոհյուրանոց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը