Գևորգ Ղազարյանը կխաղա Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունում
«Bucket Group Sports Management» կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Պորտուգալիայի առաջնությունում, մասնավորապես «Մարիտիմուի» ակումբում:
Հայ ֆուտբոլիստի իրավունքները ներկայացնող կազմակերպությունը հայտնում է նաև, որ 26-ամյա խաղացողի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:
Նախորդ մրցաշրջանում Ղազարյանը խաղացել է 2 ակումբներում՝ հունական «Օլիմպիակոսում» և «Կերկիրայում»:
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի Ղազարյանը շատ մոտ էր ուկրաինական «Մետալիստ» տեղափոխվելուն: Խոսակցությունների պատճառը այն էր, որ Ղազարյանը մարզվում էր ուկրաինական ակումբի հետ, սակայն ինչպես պարզ դարձավ, ֆուտբոլիստը որոշել է ընդունել պորտուգալական թիմի առաջարկը:
Տեղեկացնենք նաև, որ Պորտուգալիայի նախորդ առաջնությունում «Մարիտումուն» գրավել է 9-րդ տեղը:
Սիրարփի Աղաբաբյան