Բաժիններ՝

Երկրի ողնաշարը գյուղացին է, իսկ գյուղատնտեսական բարեբեր տարին տնտեսության համար փրկօղակ է. Րաֆֆի Մխչյան. Tert.am

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը Tert.am-ի հետ զրույցում փաստել է, որ գյուղմթերքի արտահանման ծավալները մեծացել են, բայց ընդհանուր արտահանման ծավալները, հատկապես՝ Ռուսաստան, շոշափելի կրճատվել: Նա համակարծիք չէ, որ գյուղմթերքի արտահանման աճը կարող են կոմպենսացնել մյուս ոլորտները, քանի որ նրա խոսքով, ամենամեծ տատանումն ընդհանուր արտահանման շարժի մեջ հենց հանքահումքն է ապահովում, որն էլ ստատիստիկան փոխում է: Բայց նա շեշտել է՝ գյուղատնտեսական բարեբեր տարին մեր տնտեսության համար փրկօղակ է: «Որովհետև երկրի ողնաշարը գյուղացին է»,- ասել է նա:

– Պարո՛ն Մխչյան, մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով, ապրանքների ներմուծումը Ռուսաստան նվազել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարեց, որ գյուղմթերքի արտահանման ծավալները քառապատկվել են, որոնք հիմնականում Ռուսաստան են արտահանվում: Ըստ Ձեզ՝ արտահանման վիճակը խնդրահարո՞ւյց է, թե՞ ոչ:

-Համեմատություններն անում են նախորդ տարվա ցուցանիշների հետ, գյուղմթերքների արտահանման աճը իհարկե կա, բայց դա չի նշանակում, որ մեր ընդհանուր արտահանումները չեն կրճատվել: Գյուղմթերքի մասով տարին բարեբեր էր, ի տարբերություն նախորդ տարվա և եթե օրինակ՝ արտահանել ենք 100 տոննա ծիրան, այս տարի եղել է 400 տոննա:

Բացի այդ, այդ աճը ես կապում եմ նրա հետ, որ շատ ֆիզիկական անձիք, ոչ իրավաբանական մարմիններ, իրենց նախաձեռնությամբ են արտահանել միրգը, ուղղակի լցրել են հարմարավետ մեքենա և տարել վաճառել ԵՏՄ երկներ, հիմնականում Ռուսաստան և արդեն ծավալները փոքր քանակությամբ, բայց ավելացել են: Բայց, ընդհանուր առմամբ, կրճատվել է, ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք ԵՏՄ հարցերով հեռուստակամուրջ անցկացրինք, և այդ ժամանակ, երբ մենք 30 տոկոս ենք ասում նվազել է արտահանումը, Մոսկվայի գործընկները մեզ ապացուցեցին, որ 50 տոկոսով է նվազել մեր արտահանումը դեպի Ռուսաստան:

-Իսկ հնարավո՞ր է, որ գյուղմթերքի մեծ ծավալի արտահանումը կոմպենսացնեն մյուս ոլորտները:

-Համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետև մյուս ոլորտները գործարաններ են, որոնք արտադրանք են տալիս, ունեն տարբեր հարկեր, իրենց արտահանումներից բյուջեի հանդեպ պարտավորություններ ունեն ու նաև դրանք են նպաստում: Իսկ գյուղմթերքը՝ գյուղացու ծառից վերցրեց տարավ, ի՞նչ է առաջանում, ոչ մի բան, գյուղացու 2 տոննա ծիրանը վերցրեց քշեց գնաց ուրիշ երկիր, ծախսեց, ո՞վ դրանից մի կոպեկ վերցրեց պետության համար, ընդամենը գյուղացին բավարարված է: Իսկ ընդհանուր մթնոլորտը շտկելու համար պետք է տնտեսությունը շտկվի, իսկ երբ որ ընդհանուր ծավալներ չկան, արդեն տնտեսության անկում է գրանցվում:

 

-Պարո՛ն Մխչյան, կառավարությունը 4 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել և պայմանավորված գլոբալ խնդիրներից՝ դրանք նվազեցրեց մինչև 1 տոկոս: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում գոնե 1 տոկոս տնտեսական աճ կարող ենք ապահովել:

-1 տոկոսը ապահովելն ու չապահովելը շատ հարաբերական է, եթե պետք է ասեն, որ ապահովել են, կասեն, բայց իրականում կարող են ապահոված չլինել, դա միայն ասելով չի, շատ գործոններ կան, որոնք կարող են խանգարել: Այսօր ո՞ւմ մտքով կանցներ, որ Իրանի վրայից կարող են պատժամիջոցները հանել, կարող է դուրս գալ Իրանը համաշխարհային շրջափակումից, այսօր պետք է մտածեն, թե ինչ ձևով օգտվեն և զարգացնեն Իրանի պատիժները դուրս գալուց հետո: Մենք մեծ գործ ունենք այդտեղ անելու, եթե մարդիկ ուղեղները աշխատեցնեն այդ ուղղությամբ, մի քիչ զոռ տան ուղեղներին, լիքը հարցեր կլուծվեն, այնպես որ, շատ հարցեր կան, որ անկանխատեսելի են:

-Եթե ամփոփենք, կարո՞ղ ենք ասել, որ բարեբեր տարին փրկության օղակ էր մեր տնտեսության համար:

-Իհարկե, դա շատ մեծ փրկության օղակ է, որովհետև երկրի ողնաշարը գյուղացին է, գյուղացու համար շատ դժվար է ապրուստ հայթայթել, այսօր եթե գյուղացին լավ վիճակում չլինի, քաղաքացին էլ չի կարող ապրել: Նույն քաղաքացու արտադրանքի 50-60 տոկոսը գյուղացին է օգտագործում, և ի վիջակի չի լինում, վաճառքներն ընկնում են, իսկ երբ գյուղացու վիճակը լավ է լինում, բոլորն էլ լավ են զգում, ուղղակի կապ ունի, դա ուրախալի փաստ է, գյուղացին հարուստ պետք է լինի, շատ փող ունենա, որ քաղաքացին էլ դրանից օգտվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս