«B2B DOC NETWORK»-ը հնարավորություն կտա Հայաստանի հետ համատեղ կինոարտադրության զարգացմանը
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել հանդիպում Բալթիկ ծովից մինչև Սև ծով վավերագրական ֆիլմերի ցանցի («B2B DOC NETWORK») ներկայացուցիչ, շվեդ վավերագրող Ալեքս Շիրաևի հետ:
Հանդիպումը նախատեսված էր հայ վավերագրողների, ինչպես նաև՝ ոլորտով հետաքրքրվողների համար, որի ընթացքում խոսվել է մի շարք թեմաների մասին, որոնք առնչվում են վավերագրական ֆիլմերին, այդ թվում՝ արտադրություն, համատեղ արտադրություն, դիստրիբյուցիա և այլն:
«B2B Doc»-ը վավերագրողների միջազգային ցանց է, որտեղ ներգրավված են անդամներ Շվեդիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Համագործակցության ցանցը դեռևս կազմավորման փուլում է: Նախատեսվում է, որ այն դառնալու է ոչ պաշտոնական, բաց ֆորում, որը ղեկավարելու ու աշխատեցնելու են հենց իրենք՝ նախագծում ընդգրկված կինոգործիչները: Շվեդ վավերագրող Ալեքս Շիրաևն այն կարծիքին է, որ սա նմանատիպ կառույցների ղեկավարման առավել արդյունավետ մոդել է, որը ենթադրում է կառավարման բաց, թափանցիկ և ժողովրդավար սկզբունքների ընդունում և կիրառում:
Նախատեսվում է, որ «B2B Doc» ֆիլմարտադրող ցանցը կնախաձեռնի և կաջակցի նշված երկրների կինոգործիչների և կինոկառույցների հետ համատեղ կինոարտադրությունների զարգացմանը: Այն նախագծերը, որոնք կանցնեն ցանցի ներսում կազմակերպվող ընտրական փուլը, ամեն տարի հնարավորություն կստանան որոշակի ֆինանսական աջակցության՝ զարգացնելու համար ֆիլմի գաղափարը: Հանդիպմանը ներկա ցանցի ներկայացուցիչ Շիրաևն իր մասնագիտական գործունեության ընթացքում եկել է այն համոզման, որ հատկապես վավերագրական ֆիլմերի համար դժվար և, որոշ դեպքերում, անհաղթահարելի խնդիր է ֆինանսական միջոցների հայթայթումը հենց ֆիլմի գաղափարի զարգացման փուլում, երբ ստիպված ես ֆինանսական ներդրում կատարողին համոզել կամ ապացուցել գաղափարիդ արդիականությունն ու արդյունավետությունը:
Ալեքս Շիրաևը նշեց, որ ցանցի ներսում ընտրական փուլերն անցած կինոնախագծերը փորձառու մասնագետների ղեկավարությամբ կպատրաստվեն և կներկայացվեն նաև առաջատար եվրոպական կինոֆորումներում: «B2B Doc»-ն իր գործունեության և առաջիկա պլանների մեջ վավերագրողների համար նախատեսում է նաև վարպետության դասերի, սեմինարների, աշխատաժողովների, ուսումնական այցերի և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում: Ըստ Շիրաևի՝ այս միջոցառումները հնարավորություն կտան բացահայտելու մասնակից երկրներում առկա ստեղծագործական, տեխնիկական և դիստրիբյուցիոն հնարավորությունները՝ տարածաշրջանում ստեղծելով մրցունակ ֆիլմեր՝ միջազգային մեծ հանրությանը ներկայանալու համար:
Ալեքս Շիրաևը ծնվել է 1971թ., շվեդ վավերագրող է: Իր վերջին ֆիլմը՝ «Գազային զենքը», (2014), որ նկարահանվել է շվեդական հանրային հեռուստատեսության համար (SVT), պատմում է, թե ինչպես է Ռուսաստանն օգտագործում գազի արտահանումը՝ եվրոպական երկրների վրա քաղաքական ազդեցություն գործելու համար:
Ալեքս Շիրաևն այժմ աշխատում է «B2B Doc» նախագծի՝ վավերագրողների ազատ ցանցի ստեղծման աշխատանքների վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի հեշտությամբ կապ հաստատել և համատեղ կինոարտադրություններ կազմակերպել Սկանդինավիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավայի, Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի հետ: