
Բանակը մարտունակ պահելով՝ Ադրբեջանը լարում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին. Bloomberg

Հեղինակավոր Bloomberg պարբերականը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, գրում է, որ Ադրբեջանը հայտարարել է իր հիվանդանոցներին պատրաստ լինել պատերազմի ու սկսել է զորավարժություններ՝ լարվածություն մտցնելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ սահմանին ու Լեռնային Ղարաբաղում:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «հատուկ հանձնարարական» է տվել բժշկական հաստատություններին ու անձնակազմին «պատրաստ լինել հնարավոր ռազմական գործողությունների, որ կարող են սկսվել ամեն պահի»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին իր կայքում տեղեկացրել էր, որ երկրի ԶՈՒ-ն մարտունակության բարձրացման նպատակով զորավարժություններ է սկսել տանկերի, պաշտպանական համակարգերի ու ավիացիայի ներգրավմամբ:
Bloomberg-ը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քիրբիի խոսքերը, ով նախօրեին ասել է, թե պետքարտուղարությունն ուշադիր հետևում է ադրբեջանական բանակի գործողություններին: