«Նախագահական և կիսանախագահական համակարգերից ավելի լավ համակարգ գոյություն չունի իշխանությունների վերարտադրվելու համար». Հրայր Թովմասյան

«Մասնագիտական հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական հարթությունների մեջ մտնելը: Մեր ակնկալիքն այս քննարկման ժամանակ բովանդակությունն է: Եթե խոսքը գնում է վերարտադրման (իշխանությունների.- Գ.Խ.) մասին, ապա շատ ավելի հեշտ է վերարտադրվել այն համակարգում, որ ունենք 1995-ից»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ մեկնաբանելով տարածված տեսակետը, որ սահմանադրական փոփոխություններն իշխանության վերարտադրման մանիֆեստ է:

Ըստ նրա՝ նոր Սահմանադրության նախագիծը վերահսկության մեխանիզմներ է ստեղծում, և իշխանության վերարտադրման այդ թեզը տրամաբանական չէ:
Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ նախագահական և կիսանախագահական համակարգերից ավելի լավ համակարգ գոյություն չունի վերարտադրվելու համար:

Նա, որպես օրինակ, ներկայացրեց Հարավաֆրիկյան երկրները և հարևան Ադրբեջանը, որ կիսանախագահական է, բայց ժառանգական միապետություն է:
«Վերարտադրության մասին խոսելու դեպքում կա ենթատեքստ, որ ոչ օրինական կերպով է վերարտադրվել,- նկատեց Հ.Թովմասյանը՝ հավելելով, որ Գերմանիայում, Ճապոնիայում տասնամյակներ են իշխել նույն կուսակցությունները, բայց չեն բողոքել:

-Եթե ընտրությունները կեղծվելու են՝ դա շատ վատ է: Կիսանախագահական և նախագահական համակարգերում ավելի մեծ է հնարավորությունը, որ կեղծեն: Գերկենտրոնացման դեպքում, որքան էլ փորձես տարրալուծել, այնքան ազատ, արդար ընտրությունների հնարավորությունը մեծանալու է»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի կոնսոլիդացիային, որի մասին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վ.Պողոսյանը նշեց, որ հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական կոնսոլիդացիա ստեղծելը, բայց այս ընթացքում տասնյակից ավելի կուսակցությունների հետ են հանդիպել, այդ թվում՝ ԱԺ կուսակցությունների, բայց հանդիպում չի եղել ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ:

«Ամեն ինչ քաղաքական պրոցես է, մի մոռացեք, որ մենք խոսում ենք նախագծի մասին: ԱԺ-ում կլինի համապատասխան նախագիծը, կլինեն քննարկումներ, և կերևա, թե քանի տոկոսն է կողմ ու քանի տոկոսն է դեմ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նախագծի ներկայացման ժամկետները ֆիքսված չեն, բացառապես նախագահից է կախված, թե ի՞նչ տեսքով և ի՞նչ ժամկետներում կներկայացնի Ազգային ժողովին:

Տեսանյութեր

Լրահոս