Բաժիններ՝

Պարույր Հայրիկյանը պաշտոնական փաստաթուղթ կհանձնի Գագիկ Հարությունյանին

Այսօրվա ասուլիսին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված պաշտոնական գրությունը, որն այսօր հանձնելու է նրան:

Ներկայացնում ենք այդ փաստաթուղթն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Հարությունյան
ՍԻՄ ներկայացուցչական խորհուրդը գոհունակութեամբ արձանագրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ԱԻՄ հայեցակարգի առկայության մասին ձեր հրապարակային ազդարարությունր։ Թվում էր, թե, մանավանդ, հանձնաժողովի և ԱԻՄ պատասխանատուների պատվիրակության պաշտոնական հանդիպումից հետո բարեփոխումների փաթեթի քննարկումը պիտի ընթանար բնականոն հունով։

Սակայն օրերս Հանձնաժողովի անունից շրջանառության մեջ դրված նախնական տարբերակը ցույց է տալիս, որ դուք (իմա՝ Հանձնաժողովը) որդեգրել է կասկածելի (չէի կամենա կոչել զարտուղի և դավադիր) գործելակերպ։

Անտեսված է ավելի քան մեկ տասնամյակ հայ քաղաքական ու քաղաքագիտական, ինչպես նաև իրավագիտական շրջանակներին մատուցուած ԿԱՏԱՐՅԱԼ (ԲԱՑԱՐՁԱԿ) ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ներկայացնող և, ըստ էության՝ միակ այլընտրանքային հայեցակարգը։ Արդեն խոսվում է Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասին։ Եվ խոսքը շրջանառվող իշխանական տարբերակին է վերաբերում։

Իսկ ո՞ւր մնաց ամենայն բարեխղճությամբ մշակված և գրքի տեսքով ներկայացված ԱԻՄ հայեցակարգը։ Այսպիսի գործելակերպը հակասում է և՛ երկրի Նախագահի, և՛ Հանձնաժողովի հայտարարություններին առ այն, որ պետք է տեղի ունենան հրապարակային, ոչ խտրական, այլ խոսքով ազնիվ քննարկումներ։ Եթէ նույնիսկ որևէ քաղաքացի ներկայացրած լիներ իր հայեցակարգը, հանձնաժողովը պարտավոր էր պատշաճ վերաբերմունքի ու արձագանքի արժանացնել նրա առաջարկր։

Իսկ այս դեպքում դիմել է այն կազմակերպությունը, որը դեռևս խորհրդային տարիներին (1976թ.) պայքարել է ազգային սահմանադրության և Հայաստանում սահմանադրականության հաստատման համար։ Բացի այդ, հայեցակարգ է ներկայացրել այն անհատը, ով պաշտոնեապես գլխավորել է առաջին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ Համաձայն չե՞ք, որ նման գործելակերպը ամենապարսավելի գնահատականի է արժանի։

Դիմելով Ձեզ, մենք փորձում ենք հավատալ, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ձեր պատասխանով Դուք գուցե կկարողանաք հիմնավորել, թե՛ պաշտոնական հայեցակարգին զուգահեռ առկա միակ այլընտանքային հայեցակարգը, որը ըստ Ձեր անձնական գնահատականի քաղաքացիների քաղաքական իրավունքների տեսակետից շատ բարձր մակարդակ ունի, ինչու չի ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին ու չի ներկայացվում հանրությանը։ ԱԻՄ-ը պահանջում է, որ հանձնաժողովը

ա) հանրությանը ներկայացնի մեր հայեցակարգի քննարկման արձանագրությունը (դրա բացակայությունը),

բ) հրապարակավ ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից Հայաստանի աեկախության և սահմանադրականության ճարտարապետ կազմակերպության առաջարկը հանրությունից թաքցնելու համար և

գ) եվրոպական համապատասխան կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին պաշտոնապես ներկայացնի նաև ԱԻՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈԻԹՅԱՆ այլընտրանքային տարբերակը և խնդրի համեմատական գնահատականներ տալ։
ԱԻՄ-ը չի կարող կրավորական կեցվածք ընդունել հայ ժողովրդի ճակատագրի համար սկզբունքային նշանակության այս հարցի վերաբերյալ և ակնկալում է շուտափույթ արձագանք։

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից՝ Պարույր Հայրիկյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս