Նաիրիտցիներն իրավունք կունենան գումար պահանջել միայն «Նաիրիտ 2»-ից
Անցած տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը ստանալու համար նաիրիտցիներին պարտադրվող պայմանագրով գործարանի նախկին աշխատակիցները պետք է իրենց դրամական պահանջի իրավունքը լրիվ ծավալով, ներառյալ տույժերի, տուգանքների ու այլ դրամական իրավունքները զիջեն «Նաիրիտ 2» ընկերությանը: Այսինքն՝ այս պայմանագիրը ստորագրելուց հետո նաիրիտցիներն իրավունք կունենան գումար պահանջել միայն «Նաիրիտ 2»-ից: Վերջինս ինքն է դառնում «Նաիրիտ գործարանի» պահանջատերը, իսկ նաիրիտցիներին պարտավորվում է միանվագ վճարել X աշխատանքային օրերի ընթացքում, սակայն չվճարելու դեպքում ընկերության պատասխանատվության հարցը պայմանագրում ներառված չէ: Եթե «Նաիրիտ 2»-ը գումարը չփոխանցի, բավական անհասկանալի իրավիճակ կառաջանա: Նաև չի բացառվում, որ սահմանվող X օրերի ընթացքում գումարը չվճարելու դեպքում պայմանագիրը պարզապես ուժը կկորցնի:
Նաիրիտցիներն այս պայմանագիրը որակում են որպես իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում:
«Նաիրիտ 2»-ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրավական առումով խնդիր չկա, որ պետական կազմակերպությունը՝ «Նաիրիտ 2»-ը վճարելու է 90%-ով մասնավոր ընկերության աշխատակիցների պարտքը. «Պայմանագիր ենք կնքում աշխատողների հետ ու վճարում: Այլ տարբերակ չկա, այսօրվա դրությամբ «Նաիրիտ գործարանը» սնանկության եզրին է, հազար մարդ դատի է տվել, եթե էդ գումարները գնան էնտեղ, կարող է մյուսները տանեն, աշխտավարձ չստանան: ՋԷԿ-ը, էլեկտրաէներգիայի, գազի գծով պահանջներ կան «Նաիրիտին»: Բազմաթիվ են խնդիրները»:
Իսկ նախկինում ինչպե՞ս էր կառավարությունն անմիջապես գործարանին փոխանցում գումարը և վճարվում էր աշխատավարձ, Գ. Հակոբյանը պատասխանեց, որ ամեն օր, ամեն ժամ իրավիճակ է փոխվում գործարանում. «Տեսնում են «Նաիրիտ գործարանում» խնդիրը բարդ է, ամեն մեկն իր պահանջն է դրել: Տեսնում են, որ աշխատվարձ են վճարում, իրենց պարտքն էլ են պահանջում: Ես «Նաիրիտ 2»-ի փողերը չեմ տալիս, «Նաիրիտ 2»-ն այդ միջոցները չունի, կառավարությունն է փոխանցում»:
Հարցին, թե արդյոք «Նաիրիտ գործարանը» պարտավորություն ստանձնելո՞ւ է «Նաիրիտ 2»-ի հանդեպ, Գ. Հակոբյանը պատասխանեց. «Աշխատավարձերի խնդիրը որ ավարտվի, իհարկե, կստանձնի, մի բան պետք է ստանձնի, որ էդ խնդիրները կարգավորի: Ուղղակի հիմա աշխատանքային փուլում է, ես հստակ չեմ կարող ասել: Մեր համար էլ է աշխատանքային պրոցես, ամեն ինչ քննարկվում է, հնարավոր է բաժնետմոսերի հետ կապված կլինի: Ամեն ինչը քննարկման փուլում է: Դեռ պարզ չի, թե որպես վերջնական որոշում ինչի վրա կկանգնենք»: