«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը գնում է իշխանափոխության
Այսօր «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայից՝ Գրողների միության շենքի առջևից, երթով շարժվեց դեպի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ և նամակ հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Ըստ նախաձեռնող խմբի՝ մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է «ախտահարված հիվանդությամբ», այլ ՀՀԿ կուսակցությունը, որը «մի կողմից՝ այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը, մյուս կողմից՝ հովանավորում է հանցագործների անպատժելիությունը և օգտագործում պետության ուժն ազնիվ քաղաքացիների դեմ»։
«Մենք շարունակելու ենք քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե ՀԾԿՀ-ն մինչև օգոստոսի մեկը չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ»,- կարդալով իրենց բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության և Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։
Նա նաև հայտարարեց, որ իրենք իրենց պահանջների կատարմանը հասնելու են 3 փուլով.
առաջին փուլում բոլոր քաղաքացիներին թռուցիկներ են բաժանելու, և այդ թռուցիկներով բոլորին բացատրելու են, որ իրավաչափ է և հիմնավորված իրենց պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը:
Երկրորդ փուլում նախաձեռնության անդամները հինգ օրով արգելափակելու են Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Իսկ երրորդ փուլում կրկին կբաժանեն թռուցիկներ և կբացատրեն բոլորին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, այդ թվում՝ հեռախոսակապի վարձերն այնքան ժամանակ, մինչև որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։ «Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին»,- հայտարարեց Դ. Սանասարյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ իշխանափոխությա՞ն եք գնում, Դ. Սանասարյանը համաձայնեց՝ ասելով, որ իրենք գնում են այդ ճանապարհով. «Քանի որ երկրում տարիներ շարունակ համատարած կոռուպցիա է, էներգետիկ համակարգը թալանել են, և հիմա Սերժ Սարգսյանը ցուցմունք տվեց, որ փլուզման եզրին են, այդ առթիվ պետք է քրեական գործ հարուցվի: Ես չէ, որ հայտարարել եմ, որ փլուզման եզրին է, Սերժ Սարգսյանն է հայտարարել: Պարզ է, որ սա ժողովրդին խաբկանքի մեջ գցելու հայտարարությունն էր, և մենք հիմա պահանջում ենք, որ իր խոսքի համաձայն՝ անի ամեն ինչ, որ քրեական գործ հարուցվի: Մենք չենք ճանաչում, բայց եթե Դատախազությունը Սերժ Սարգսյանին լեգետիմ է ճանաչում, ապա վաղուց պետք է սկսեին աշխատանքները ՀԾԿՀ-ում, նախարարությունում, և Դատախազությունը արդեն պետք է գործողություններ սկսեր ՀԷՑ-ում»:
Լրագրողները նաև նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարիք կար պառակտվել մյուս նախաձեռնություններից և առանձին պայքար տանել, Դ. Սանասարյանը պատասխանեց, ոչ մի պառակտում չկա, և իրենք համագործակցում են բոլոր նման նախաձեռնությունների հետ:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվանից սկսվում է իրենց պայքարի առաջին փուլը, բայց դեռ հստակ ժամանակացույց չկա, թե երբ կսկսեն 2-րդ և 3-րդ փուլերը: Նրա փոխանցմամբ՝ այս ուրբաթ՝ հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին տեղի է ունենալու իրենց հանրահավաքը, որի ժամանակ կհստակեցնեն իրենց առաջիկա քայլերը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: