Բաժիններ՝

Մադոննայի երգերը գողանալու համար հաքերը դատապարտվեց 14 ամսվա ազատազրկման

Իսրայելում «նստացրել» են հակերի, ով համացանցում ներբեռնել էր Մադոննայի «Rebel Heart» նոր ձայնասկավառակի երգերի մեծ մասը` մինչև դրա պաշտոնական շնորհանդեսը:

Օրերս Թելավիի դատարանի որոշմամբ իսրայելցի հակեր Ադի Լիդերմանը հանրահայտ երգչուհի Մադոննայի համակարգիչը կոտրելու, ինչպես նաև երգչուհու վերջին` «Rebel Heart» ձայնասկավառակի դեմո ձայնագրությունները գողանալու և անօրինական տարածելու համար դատապարտվեց 14 ամսվա բանտային ազատազրկման: Այս մասին հայտնում է Billlboard-ը:

«Թեթևությունը, որով նման հանցագործությունները կարող են կատարել նրանք, ովքեր մեղադրյալի նման՝ ունեն հմտություններ այս բնագավառում, պահանջում է խիստ և անզիջում պատիժ»,- դատավճիռը բացատրել է դատավորը:

38-ամյա Լիդերմանն իրեն մեղավոր է ճանաչել` ուրիշի անձնական կյանք ներխուժելու և հեղինակային իրավունքի օրենքները խախտելու մեջ:

Նշենք, որ Ադին ձերբակալվել էր 2015թ. հունվարին` հետաքննությունից հետո, որում իսրայելական իշխանություններին օգնում էր FBI-ը:

2014թ. դեկտեմբերին համացանցում էին հայտնվել Մադոննայի նոր` «Rebel Heart» ձայնասկավառակի երգերը: Երգչուհին երգերի «արտահոսքն» անվանել է ներխուժում իր անձնական և ստեղծագործական կյանք՝ հայտարարելով, որ այդ փորձն իր համար շատ տհաճ է եղել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս