Արցախցի մարզիկները կմասնակցեն Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը
Արցախցի մարզիկները կմասնակցեն հուլիսի 17-22-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է միջազգային կարգի սպորտի վարպետ, ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:
Նրա խոսքով, առաջնությանը, որի կազմակերպիչը Կունգ ֆուի միջազգային ֆեդերացիան է, մասնակցելու են ավելի քան 80 երկիր ներկայացնող մարզիկներ:
«Արցախից Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկ՝ 18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում հանդես կգա Վարդգես Մանասյանը, ով անցյալ տարի մինչ 48 կգ քաշային կարգում ճանաչվել է աշխարհի չեմպիոն: Արցախցի մարզիկ Հայկ Խաչյանը հանդես է գալու 17-18 տարիքային խմբում, մինչև 56կգ քաշային կարգում , իսկ Հայկ Գասպարյանը՝ 15-16 տարիքային խմբում` մինչև 56կգ քաշային կարգում:
Նշեմ նաև, որ վերոհիշյալ մարզիկներն այս տարի դարձել են ՀՀ Կունգ ֆու սանդայի հաղթողներ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որպեսզի նրանք հրավիրվեն մասնակցելու աշխարհի պեկինյան առաջնությանը»,- մանրամասնել է Դ. Գրիգորյանը:
Խոսելով իրենց նպատակադրումների մասին գլխավոր մարզիչն ընդգծել է , որ առաջին հերթին ցանկանում են աշխարհին ապացուցել, որ Արցախի մարզիկներն իրենց պատրաստականությամբ չեն զիջում մյուս երկրների մարզիկներին:
Դ. Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ Պեկինում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությունը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: «Բացի այդ, մեզ համար կարևոր է փորձի փոխանակումը, առավել ևս, որ այդ սպորտաձևի հայրենիքը Չինաստանն է»,- եզրափակել է Դ. Գրիգորյանը: