![](/banners/BeFunky-design.jpg)
Հիմնադիր խորհրդարանի քաղհալածյալ ներկայացուցիչները պահանջում են քննչական մարմնի կողմից ապօրինաբար պահվող իրենց գույքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/himnadir-xorhrdaran-472x265.jpg)
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին
ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով
կազմված քննչական խմբի ղեկավարին
Պատճենը՝
Հայաստանի Հանրապետությունում
հավատարմագրված օտարերկրյա պետությունների և
միջազգային կազմակերպությունների
դիվանագիտական ներկայացուցչություններին
Հայաստանյան և միջազգային
իրավապաշտպան կազմակերպություններին
69100615 քր. գործով մեղադրյալներից և
նրանց առնչվող անձանցից ու միավորումներից
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով մեղադրյալների բնակարանների, ինչպես նաև նրանց համար որպես աշխատանքի վայր ծառայող գրասենյակների՝ 2015 թ. ապրիլի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ, ի թիվս այլ իրերի և փաստաթղթերի, առգրավվել է մեղադրյալներին և այդ գրասենյակներում գործող հասարակական և քաղաքական միավորումներին ու դրանց այլ անդամներին պատկանող հետևյալ գույքը.
1. Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
2. Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին պատկանող և Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ,
3. Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երկու դյուրակիր համակարգիչ,
4. Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երեք բանկային պայմանագրերի բնօրինակներ և չորս բանկային քարտեր,
5. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,
6. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ տպագրական մեքենա,
7. Գևորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող երկու բարձրախոս,
8. Հարություն Կարենի Աղլամազյանին պատկանող և Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող չորս բարձրախոս և ևս մեկ ինքնաշեն բարձրախոս,
9. «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը, գործավարության փաստաթղթերը և կլոր կնիքը,
10. «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող մեկ սեղանի համակարգիչ,
11. «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և կլոր կնիքը,
12. «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը և գործավարության փաստաթղթերը,
13. Կարո Հակոբի Եղնուկյանին պատկանող և «Հայ-Իրանական բարեկամություն» և «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի ու Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ:
14. Արմեն Գրիգորյանին պատկանող և Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան:
Նշված ավտոմեքենան, համակարգիչները, բարձրախոսները, փաստաթղթերը, կնիքները և բանկային պայմանագրերն ու քարտերը անհրաժեշտ են մեղադրյալների անձնական, մասնագիտական և հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, նրա գույքից հասարակական անվճար հիմունքներով օգտվող տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Հայ-Իրանական բարեկամություն» ու «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների և «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Քննչական մարմինը, գործելով ռեժիմի պատվերով ու թելադրանքով, անհիմն կերպով հարուցված և ապօրինի կերպով քննվող 69100615 քր. գործը ծառայեցնում է մեղադրյալների, ինչպես նաև նրանց և նրանց աջակիցների մասնակցությամբ գործող վերը նշված քաղաքական և հասարակական միավորումների ու քաղաքացիական նախաձեռնությունների բնականոն գործունեությունը հնարավորինս խոչընդոտելու նպատակով, ինչը քաղաքական հալածանքի յուրատեսակ դրսևորում է:
Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:
Անհեթեթ է նաև Արմեն Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան չվերադարձնելու հանգամանքը, որովհետև այն ոչ մի նշանակություն չունի քր, գործի քննության համար:
Բացի այդ՝ քննչական մարմինի մոտ Վարուժան Ավետիսյանին պատկանող բանկային պայմանագրերը և դրանց կից՝ բանկային գաղտնի կոդեր պարունակող փաստաթղթերն ու բանկային քարտերը պահելը քննչական մարմին հնարավորություն է ընձեռում ապօրինի կերպով մուտք գործելու նրա բանկային հաշիվներ և ստանալու օրենքով միայն նրան և բանկին հասանելի տվյալներ: Միևնույն ժամանակ՝ Վարուժան Ավետիսյանը փաստաբան է (արտոնագիր 1339), սակայն համակարգիչներից, բանկային փաստաթղթերից ու քարտերից զրկված լինելով, չի կարողանում իրականացնել բնականոն մասնագիտական գործունեություն: Նա օրենքով սահմանված կարգով դիմել է քննչական մարմին՝ համակարգիչները, բանկային պայմանագրերն ու քարտերը հետ ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել՝ քննության համար դրանց անհրաժեշտության պատճառաբանությամբ:
Ռեժիմի պատվերով ու թելադրանքով քննչական մարմինի կողմից իրականացվող հալածանքի պատճառով խախտվում են մեղադրյալների և նրանց հետ առնչվող անձանց՝ միջազգային իրավունքով ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև սահմանափակվում է սույն դիմումում նշված քաղաքական ու հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ պահանջում ենք վերադարձնել անհիմն և ապօրինի կերպով քննչական մարմնում պահվող՝ սույն դիմումում թվարկված գույքը:
ԴԻՄՈՂՆԵՐ՝
1. 69100615 քր. գործով մեղադրյալներ՝
• Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան
• Գարեգին Բաբկենի Չուգասզյան
• Պավել Ռազմիկի Մանուկյան
• Վարուժան Պարսամի Ավետիսյան
• Գևորգ Վիտալիկի Սաֆարյան
2. Քննչականի մարմնի անօրինական գործողություններից տուժող այլ քաղաքացիներ և միավորումներ.
• Կարո Հակոբի Եղնուկյան,
• Հարություն Կարենի Աղլամազյան,
• Հիմնադիր խորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնություն (նախագահ՝ Գարեգին Չուգասզյան),
• Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնություն (համակարգող՝ Ժիրայր Սեֆիլյան)
• «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Ժիրայր Սեֆիլյան),
• «Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Էմիլ Աբրահամյան),
• «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Վարուժան Ավետիսյան),
• «Իրավունք և աջակցություն» հիմնադրամ (տնօրեն՝ Գագիկ Սարուխանյան):