![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք հիանալի կերպով կարող ենք ապրել առանց Եվրոպայի խորհրդի ու ապրել ենք. Իլհամ Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/09.02.15-382aliev-myunxen.jpg)
Կարծում եմ, որ եթե մենք այսօր ստիպված լինեինք ընտրություն կատարել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ապա, հնարավոր է՝ չէինք դառնա Եվրոպայի խորհրդի անդամ:
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված է եղել 2015 թվականի առաջին կեսի տնտեսական զարգացմանը:
«Երբեմն ես լսում եմ պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, հասարակական գործիչներից, որ պետք է ինտեգրվենք Եվրոպային: Մտածեք, երբ խոսում եք այդ մասին: Առաջին հերթին՝ դուք պետք է իմանաք նախագահի դիրքորոշումը, երկրորդ՝ ինչ ձևաչափով եք ինտեգրվելու: Հարկավո՞ր է այդ ինտեգրացիան ձեզ, թե՞ ոչ, ի՞նչ որակով են Ադրբեջանին ցանկանում այդտեղ ընդունել՝ ինչպես երկրորդակա՞ն անդամ, ասոցիատի՞վ անդամ: Նման ձևաչափ մեզ հարկավոր չէ:
Այնտեղ, որտեղ հարկն է, մենք ինտեգրվել ենք: Արել ենք դա այն ժամանակ, երբ Եվրոպայում վիճակն այլ էր: Կարծում եմ, որ եթե մենք այսօր ստիպված լինեինք ընտրություն կատարել՝ հաշվի առնել այդ իրավիճակը, ապա, հնարավոր է՝ մենք չէին դառնա Եվրոպայի խորհրդի անդամ: Որքա՞ն կարելի է վիրավորել Ադրբեջանին: Որքա՞ն հնարավոր է մեզ նվաստացնելու փորձեր ձեռնարկել: Մեր համբերության բաժակը լցվել է:
Մենք հիանալի կերպով կարող ենք ապրել առանց Եվրոպայի խորհրդի ու ապրել ենք: Ապրել ենք մինչև 2001 թվականը: Այդ ժամանակ Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ էր, հայկական օկուպացիա, քաղաքական ճգնաժամ, տնտեսական անկում: Ապրել ենք, չենք մահացել»,-հայտարարել է Ալիևը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդ է մտել Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար:
«Հարցն այսպես էր դրված: Գիտեինք, որ Հայաստանը ձգտում է դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Մենք նույնպես ցանկանում էինք այնտեղ լինել, որ տվյալ հարցը արդարացի լուծվեր: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում՝ անարդարություն, երկակի ստանդարտներ, իսլամաֆոբիա, նախանձ»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ հենց Եվրոպական խաղերի ժամանակ վերջիններս բանաձևում հոգուտ հայերի փոփոխություն են կատարել:
«Ի՞նչ է դա նշանակում: Դա ակնհայտ հակաադրբեջանական դիրքորոշում է: Այդ պատճառով էլ նորից եմ վերադառնում այդ թեմային: Մենք ոչ մի տեղ չենք ինտեգրվում: Որտեղ ինտեգրվել ենք, բավական է»,-հայտարարել է Ալիևը: