Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ
Մեծարգո պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։
Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին:
Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսևորումն են նաև վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները:
Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։
Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը: