«Կադրերի բաժին N 168»-ում Քշիշտոֆ Զանուսսին է (բացառիկ). «Յոթերորդ կնիքը»
Համաշխարհային ճանաչում վայելող Վենետիկի, Կաննի և մի շարք այլ կինոփառատոների դափնեկիր լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին այս շաբաթ 168.am-ի ընթերցողներին առաջարկում է դիտել Էրնստ Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմը (Ernst Ingmar Bergman «The Seventh Seal»), որն ինքը՝ Բերգմանը, համարում էր իր լավագույն ստեղծագործությունն ու ամենասիրելի ֆիլմը։ Քշիշտոֆ Զանուսսին գտնում է, որ կինոմատոգրաֆիական գրագիտության տեսակետից այս ֆիլմը նայելն ուղղակի անհրաժեշտություն է:
Ֆիլմը նկարահանվել է 1957 թվականին, «Svensk Filmindustri» կինոընկերությունում, ռեժիսորի սեփական պիեսի մոտիվներով, կարճ ժամանակում և փոքր բյուջեով։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մաքս ֆոն Սյուդովը, Հուննար Բյորնսթրանդը, Բիբի Անդերսոնը և այլք:
«Յոթերորդ կնիքը» ֆիլմը պատմում է մի ասպետի մասին, ով իր զինակցի հետ վերադառնում է հայրենիք՝ երկար Խաչակրաց արշավանքներից հետո։ Ասպետը հիասթափված ու հոգնած է ամեն ինչից, ուզում է հասկանալ կյանքի իմաստն ու պարզել՝ կա՞ արդյոք Աստված, թե՞ ոչ: Նա ցանկանում է անկեղծ սխրագործություն անել։ Ճանապարհին նրան այցելում է մահը, որը պատրաստվում է տանել ասպետին, սակայն վերջինս շախմատային խաղ է սկսում մահվան հետ՝ պայմանով, եթե հաղթի մահին, ապա նա բաց կթողնի իրեն։ Երկրում էլ տարածվել է մահացու ժանտախտ հիվանդությունը, որը հարյուրավոր մարդկանց կյանք է խլում։ Ոմանք խելագարվում են և աշխարհի վերջին սպասում, ոմանք էլ պարզապես գոյատևում են։
«Յոթերորդ կնիքը» ֆիլմն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակին։ Ֆիլմը մեծ հաջողություն ու ճանաչում բերեց Ինգմար Բերգմանին՝ ճանապարհ հարթելով նրա համար դեպի անկախ կինո:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը