
Ռուսաստանը չի կարող բավարարել Պամելա Անդերսոնի խնդրանքը

Ամերիկացի հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնի խնդրանքը՝ թույլ չտալ Հյուսիսային ծովով նավարկել ֆինվալի միս տեղափոխող Winter Bay նավին, մերժվելու է, հայտնում է «Իզվեստիան»:
Ինչպես բացատրել են Ռուսաստանի բնապահպանության նախարարությունից, Ռուսաստանը պարզապես իրավական հիմքեր չունի արգելել, որ Իսլանդիայից Ճապոնիա ուղևորվող նավը շարունակի իր ճանապարհը:
«Համաձայն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի՝ մեզ մոտ ազատ նավարկություն է»,-հայտնել է Ռուսաստանի բնապահպանության նախարարության կենդանական աշխարհի կենսաբազմազանության ու օբյեկտների ուսումնասիրման բաժնի ղեկավարի տեղակալ Վալերի Ֆեդորովը:
Ավելին, Հյուսիսային ծովային ճանապարհի ադմինիստրացիայից հայտնել են, որ Winter Bay-ն արդեն ստացել է թույլտվություն «անցնելու որոշակի երթուղով»:
Նախարարությունում բացատրել են, որ նավը կարող է ձերբակալվել միայն այն ժամանակ, եթե մտնի ռուսական նավահանգիստներից մեկը: Այդ դեպքում միայն նոր ռուսական իշխանությունները իրավունք ունեն արգելել նավի տեղաշարժը:
Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը, ով հայտնի է որպես շրջակա միջավայրի պահպանության ու կենդանիների իրավունքների համար պայքարող ակտիվիստ, իր SEA Shepherd կազմակերպության կայքում բաց նամակ էր տեղադրել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նամակում դերասանուհին խնդրում է խոչընդոտել Իսլանդիայից Ճապոնիա ֆինվալի միս (Balaenoptera physalus) տեղափոխող նավի տեղաշարժը: