«Յուրան եզդի է, մեջքին մարդ չկա, դրա համար Յուրայի գլխին սարքո՞ւմ են». ԴԱՀԿ աշխատակիցները դատի են տվել ազգությամբ եզդի քաղաքացուն
Ազգությամբ եզդի Նազիկ և Յուրա Ամալյաններն ահազանգում են, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները նախ՝ վիրավորել են իրենց ազգային պատկանելությունը և ծեծի ենթարկել, այնուհետև դատի են տվել այն բանի համար, որ իբրև թե Յուրա Ամալյանն է բռնություն կիրառել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Այսօր կառավարության շենքի դիմաց նրանք «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի հետ համատեղ նամակ հանձնեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում չեն խնդրում վարչապետին միջամտել գործին, այլ ուղղակի տեղեկացնում են, որ «այս գործը շինծու է, հետևապես՝ այստեղ արդարադատություն լինել չի կարող, և անիմաստ է խոսել դատական իշխանության գործերին չխառնվելու մասին»:
Բանն այն է, որ Ամալյաններից պահանջվել է լքել վարձակալած բնակարանը, քանի որ շենքը վաճառվել է այլ սեփականատիրոջ: Նրանք լքել են բնակարանը, սակայն վառելափայտը թողել են բնակարանում: Երբ նրանք ԴԱՀԿ աշխատակիցներից խնդրել են իրենց մեկ օր ժամանակ տալ՝ վառելափայտը տանելու համար, իրենց խոսքով՝ ԴԱՀԿ աշխատակիցները սկսել են հայհոյել և վիրավորել իրենց:
Ամալյաններն ասում են, որ աշխատակիցներն անգամ հրել են Նազիկ Ամալյանին ու սկսել են ծեծել նրա որդուն՝ 27-ամյա Յուրային: Ամալյանների փոխանցմամբ՝ այդ ծեծի ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի դաստակը վնասվել է, որի հետևանքով նրանք սպառնացել են Ամալյաններին՝ իրենց կատարած բռնության մասին չհայտնել իրավապահ մարմիններին, ասելով, որ իրենք էլ կմեղադրեն նրանց՝ դաստակը վնասելու համար: Ամալյանների խոսքով՝ իրենք համոզվել են ու որոշել են դատարան չդիմել, փոխարենը՝ ԴԱՀԿ աշխատակիցները հավատարիմ չմնալով իրենց խոստմանը՝ իրենք են դատի տվել Յուրա Ամալյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով:
«Մեր գլխին հավաքվել են, հայհոյում են, ասում են՝ «եզդու լավը», տարբերությունն ազգի մեջ ինչի՞ է դնում: Երբ իմ ամուսինը գնաց Ղարաբաղ ծառայեց, դոշ տվեց, հայրենիքի համա՞ր չի արել, ասում եմ իրենց, ասում են՝ «ո՞վ է խնդրել, թող քո մարդը չգնար»: 3 անգամ զենք է հանել, ու ծեծել են Յուրային: Այդտեղ Յուրայի մեղքը ո՞րն է: Յուրան եզդի է, մեջքին մարդ չկա, դրա համար Յուրայի գլխին սարքո՞ւմ են: Դու տղայի դեմը իրա մորը հայհոյում ես, ո՞ր մի տեղ չի պաշտպանի իր մորը»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց հուզված Նազիկ Ամալյանը:
Նրանք նշում են, որ պետությունն իրենց դատաիրավապաշտպան է տվել, սակայն վերջինս համոզում է Յուրային՝ մեղքն իր վրա վերցնել, ինչի պատճառով էլ Ամալյանները վաղը դատական նիստի ժամանակ հրաժարվելու են այդ պաշտպանից:
Ամալյանները պատմում են, որ դեպքի ժամանակ վկաներ էլ են եղել՝ իրենց հարևանները, որոնք, սակայն, իրենց մոտ մի բան են ասում, քննիչի մոտ՝ այլ բան. թե ինչու են այդպես վարվում, Ամալյանները չեն հասկանում:
Կառավարության շենքի դիմաց Ամալյաննների հետ հանդիպման եկավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրադյանը ներկայացրեց Ամալյանների բողոքը: Ա. Ղազարյանը լսելով նրանց՝ ասաց, որ ճիշտ են արել, որ իրենց տեղյակ են պահում այդ խնդրի մասին, ու խոստացավ նրանց նամակը փոխանցել վարչապետին:
Բ. Մուրադյանի փոխանցմամբ՝ իրենք այս խնդրի հետ կապված 10 օր առաջ նամակ են ուղարկել նաև ՀՀ դատախազություն և երեկ՝ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռ ոչ ոք իրենց չի պատասխանել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: