
Walt Disney-ի ղեկավարը համոզված է՝ Marvel-ը կդիմակայի հակառակորդներին

Walt Disney ընկերության ղեկավար Բոբ Այգերը չի անհանգստանում հայտնի կոմիքսների էկրանավորման շուկայում տիրող մրցակցությունից և համոզված է, որ Marvel ընկերությունը կմնա առաջատար: Այս մասին գրում է Variety պարբերականը:
Այգերի կարծիքով՝ «Երկաթե մարդու», «Գալակտիկայի պահապանների» և «Վրիժառուների» նման ֆիլմերը ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ Marvel ընկերությունը կբարգավաճի՝ չնայած մրցակից ստուդիաների ռեսուրսներին ու սեփական սուպերհերոսների մոլորակին: «Չէ՞ որ մենք Marvel-ն ենք,- ասել է Walt Disney-ի ղեկավարը՝ Այդահոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: -Մենք հսկայական աշխատանք ենք ծավալել այսպիսի բրենդ ունենալու համար, և, երբ խոսքը ֆիլմերի մասին է, ապա մասշտաբն ակնհայտ է: Մեզ գոհացնում է դեռ չթողարկված ֆիլմերի մակարդակը: Դրանք տարբեր պարամետրերով ինքնատիպ են, ինչը թույլ է տալիս ծանր չտանել մրցակիցների ջանքերը»:
Հիշեցնենք, որ Walt Disney ընկերությունը Marvel-ը ձեռք է բերել 2009թ.: Գործարքը գնահատվել է մոտ 4 մլրդ դոլար:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը