Բաժիններ՝

Ինչո՞ւ ՀԾԿՀ-ն հենց հիմա տուգանքներ սահմանեց ՀԷՑ-ի նկատմամբ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց հենց հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել, քանի որ բաժանորդները նոր են դիմել հանձնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց ՀԷՑ նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն դրամի չափով:

«Եթե 4 տարի համատիրությունը հոսանք չի ունեցել ու չի դիմել հանձնաժողովին, հանձնաժողովը չէր կարող վարչական վարույթ հարուցել»,- ասաց Ա. Բուդաղյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու հենց հիմա որոշվեց տուգանքներ սահմանել ՀԷՑ-ի նկատմամբ:

Հարցին՝ այսինքն՝ զուգադիպությո՞ւն է բողոքի ալիքի բարձրանալը և այդ տուգանքների կիրառումը, Ա. Բուդաղյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե զուգադիպություն է, այլ կարծում եմ՝ պայմանավորված է ընկերության նշված հրամանով, որով ընկերությունը բազմաթիվ բաժանորդներին, որոնք ցանկացել են միանալ էլեկտրական ցանցերին, անհարմարություն է պատճառել»:

Լարգրողներից մեկի հարցին էլ՝ կարո՞ղ եք հիշել՝ ե՞րբ եք բաժանորդների դիմումով տուգանել ՀԷՑ-ին, Ա. Բուդաղյանը պատասխանեց՝ անցյալ տարի. «Մենք վերջին տարիներին տուգանել ենք, բայց բողոքների քանակն այդքան մեծ չի եղել»:

Նշենք, որ գրեթե բոլոր տուգանքները 5 մլն դրամ էին կազմում: Հարցին՝ ինչո՞վ էր դա պայամավորված, Ա. Բուդաղյանը պատասխանեց, որ դա էներգետիայի մասին ՀՀ օրենքով նախատեսված տուգանքի չափն է, երբ խախտում են հանձնաժողովի իրավական ակտերը: Նա նկատեց նաև, որ դա տուգանքի նվազագույն չափն է:

Լրագրողներից մեկը Ա. Բուդաղյանից հետաքրքվեց, թե որոշ լուրերի համաձայն՝ ընկերության վիճակը շատ ծանր է, ևս 60 մլն-ի տուգանքը արդյոք չի՞ բարդացնի ընկերության վիճակը: Ի պատասխան՝ Ա. Բուդաղյանն ասաց, որ նման մոտեցմամբ՝ որևէ իրավախախտի կարող են երբևէ պատասխանատության չենթարկել:

Դիտարկմանը՝ ընդամենը մեկ ամիս առաջ հանձնաժողովը որոշում էր կայացնում, որ պետք է բարձրացնել հոսանքի սակագինը, որպեսի ընկերությունը հավելյալ եկամուտներ ունենա, և կարողանա վճարել պարտքերի դիմաց, հիմա դուք լրիվ հակառակ որոշումն եք կայացնում, որի արդյունքում ընկերությունը ևս 60 միլիոնի ֆինանսական կորուստ է ստանում, Ա. Բուդաղյանը պատասխանեց, որ այդ 2 որոշումներն իրար հետ չի կարելի համադրության կամ հակադրության մեջ դնել:

«Եթե նույնիսկ ցանկանում եք ինչ-որ թվաբանական համեմատություն անել, խնդրում եմ՝ սկզբում համեմատեք, թե որքանով է նախատեսվում սակագների բարձրացման արդյունքում աճել ընկերության տարեկան հասույթը, և նոր դիտարկեք, թե որքան են տուգանքները: Տուգանքները ինքնանպատակ չեն, մենք չենք տուգանում, որ ընկերության ֆինանսական վիճակը վատացնենք, այլ փորձում ենք այդ միջոցով ընկերությանը պատասխանատվության ենթարկել այն բոլոր գործողությունների համար, որոնք դուրս են եղել ՀՀ օրենսդրությունից՝ նպատակ ունենալով պաշտպանել մեր բաժանորդների, մեր քաղաքացիների շահերը»,- հայտարարեց Ա. Բուդաղյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս