Նազարյանը բարկացավ Բիբինի վրա. «Եթե Դուք ինքներդ պետք է որոշեք՝ ո՞րն է ճիշտը, որը՝ սխալ, ապա այս հանձնաժողովի հետ ընդհանրապես ինչի՞ եք առնչվում»
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում (ՀԾԿՀ) «Հայաստանի էլէկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերից մեկի քննարկման ժամանակ հանձնաժոովը որոշեց տուգանել ՀԷՑ-ին 10. 000. 000 (տասը միլիոն) դրամի չափով:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնաճյուղերին հասցեագրված՝ ՀԷՑ-ի 2015 թվականի մայիսի 29-ի գրության համաձայն՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի 2015 թվականի մարտի 31-ի 84Л հրամանով հաստատվել է նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ, որով սահմանվել է, որ ՀԷՑ-ը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում, եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով:
ՀԾԿՀ-ն փաստել է, որ ՀԷՑ-ը խախտել է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (ԷՄՕԿ) 2.3, 13, 13.1 կետերը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42- րդ հոդվածը` Հանձնաժողովը որոշեց ԷՄՕԿ-ի 2.3, 13, 13.1 կետերը խախտելու համար Ընկերությանը ենթարկել տուգանքի` 10. 000. 000 (տասը միլիոն) դրամ գումարի չափով:
Հարցի ներկայացումից հետո ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը ելույթ ունեցավ՝ ասելով.
«Ինչպես գիտեք, ընկերությունը վերջին տարիներին ծանր ֆինանասկան վիճակում էր, և, իրոք, մենք ընդունել ենք այդ որոշումը, որպեսզի կարողանանք ապահովել համակարգի անխոչընդոտ աշխատանքը, որպեսզի կարողանանք վճարումները կատարենք արտադրող կայաններին, կարողանանք պատրաստվել աշուն-ձմեռ-ժամանակահատվածին, այդ ժամանակ մեր աշխատանքը անխափան ապահովելու համար դա, երևի թե, ճիշտ որոշում էր, սպառողի տեսակետից՝ այդքան էլ ճիշտ չէ դա, բայց դա ժամանակավոր որոշում էր, և այժմ ընկերությունն անցել է իր բնականոն աշխատանքին, և աշխտանքը կազմակերպում է հանձնաժողովի և այլ հաստատված իրավական ակտերի համաձայն»:
ՀԾԿՀ նախագահ Ռ. Նազարյանն էլ հայտարարեց, որ ինքը չէր խոսի այս հարցի շուրջ, բայց Ե. Բիբինի հայտարարությունը իրեն մտածելու տեղիք տվեց.
«Պարոն Բիբինն իր ելույթի մեջ հետևյալ ձևակերպումը տվեց, որ այդ պահին ճիշտ և արդարացված էր այդ որոշումը: Եթե Դուք ինքներդ պետք է որոշեք՝ ո՞րն է ճիշտը, որը՝ սխալ, ապա այս հանձնաժողովի հետ ընդհանրապես ինչի՞ եք առնչվում, գնացեք ինքներդ Ձեզ համար հրաման տվեք, աշխատեք, մեր կարգերը դրեք մի կողմ, ՀՀ օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք… չի կարելի այդպիսի գնահատական տալ, նույնիսկ այդ գնահատականը ինձ վախեցրեց, որ դուք տվյալ երևույթի համար ասում եք՝ այդ պահին ճիշտ էր դա»: