Արդյո՞ք Դավիթ Սանասարյանի հացադուլը կմոբիլիզացնի մարդկանց

Երեկ Ազատության հրապարակում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց բողոքին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Նա իր հացադուլով մարդկանց կոչ է անում գալ Ազատության հրապարակ և, բազմամարդ լինելու դեպքում՝ վերադառնալ Բաղրամյան պողոտա:

168.am-ը ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանից հետաքրքրվեց՝ այդ քայլը որքանո՞վ կմոբիլիզացնի մարդկանց, և արդյո՞ք նորից Բաղրամյան պողոտա գնալը ճիշտ քայլ է: Է. Վարդանյանի կարծիքով՝ Բաղրամյան պողոտայում նստացույց անելը բոլոր պարագաներում ճիշտ է, բայց ավելի արդյունավետ, նպատակահարմար կլինի այնտեղ ցույց անել այն ժամանակ, երբ կլինի կրիտիկական զանգվածը. «Եթե մարդիկ վերլուծեն ու ավելի ուժեղացնեն իրենց ինքնակազմակերպման համակարգը, այդ դեպքում, կարծում եմ՝ բավականին արդյունավետ կլինի այնտեղ բողոքի ցույցը շարունակելը»:

Անդրադառնալով Դ. Սանասարյանի հացադուլին՝ փորձագետն ասաց, որ հացադուլը ծայրահեղ, լուրջ պայքարի միջոց է, և պետք է շատ հարգանքով վերաբերվել մարդկանց, որոնք դիմում են այդպիսի քայլի. «Բնականաբար, հացադուլ իրականացնողի նկատմամբ ձևավորվում է հանրային սիմպատիա, որովհետև մարդը, փաստորեն, գնում է անձնազոհության՝ հանուն ինչ-որ նպատակների, և այդ սիմպատիան ստիպում է, որ մարդիկ ևս մեկ անգամ մտածեն խնդրի վերաբերյալ, որպեսզի զգան խնդրի կարևորությունը, և այդ առումով, կարծում եմ, ինքը կարող է իր դերը խաղալ պայքարի նոր փուլ սկսելու առումով»:

Է. Վարդանյանի խոսքով՝ եթե ուզում են «լավություն անել» հացադուլ անող մարդուն՝ մարդիկ պետք է ինչ-որ լուծումներ գտնեն, մոբիլիզացվեն, նպաստեն մոբիլիզացիային: «Իհարկե, չեմ կարծում, որ շատ մեծ է լինելու մոբիլիզացիան միայն այդ հացադուլի արդյունքում, որովհետև հասկանում ենք, որ դա իրականացվում է այն պարագայում, երբ ակցիայի մասնակիցների քանակը քչացել է, երբ կա ինֆորմացիոն շրջափակում: Մենք տեսնում ենք, որ իշխանական լրատվամիջոցները պատրաստ չեն լուսաբանել և օբյեկտիվ լինել, իսկ հացադուլն արդյունավետ է լինում, երբ հանրությունը պատշաճ իրազեկված է լինում դրա մասին, և, երբ այդ հանրության մեծամասնությունը չի գտնվում իշխանական քարոզչության կամ ուղեղների լվացման այդ գործընթացի մեջ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս